News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պատասխանող կողմը այդպես էլ հարկ եղած փաստարկներ չկարողացավ ներկայացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հոդվածների սահմանադրականության վերաբերյալ: Այս մասին ՍԴ մարտի 31-ի նիստում հայտարարեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր եզրափակիչ խոսքում: Նա նաեւ նշեց, որ իշխանությունների այն հայտարարությունները, թե կենսաթոշակային տարիքում ՀՀ քաղաքացիները կունենան ապահովված կյանք, մանիպուլյացիա են: Մինասյանն ընդգծեց, որ  իրենք շարունակում են պնդել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթների հակասահմանադրականությունը:

Իր հերթին իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնումը  արկածային փորձ է, որը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում: Զեյնալյանը նաեւ հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում ժողովուրդը ճնշմանը դիմակայելու իրավունք ունի. «ՍԴ նիստը ժողովրդի կողմից իշխանությանը դիմակայելու ամենաքաղաքակիրթ տարբերակն է»:

Նշենք, որ օրենքի մի շարք դրույթների սահմանադրականության հարցի վիճարկման հայցը ներկայացնում են ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը եւ փաստաբան Մերի Խաչատրյանը, որոնք հանդես են եկել եզրափակիչ խոսքով:

Տվյալ գործի պատասխանող կողմն են ԱԺ սոցիալական հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 28-ից սկսել է լսումներ՝ կապված հայցի հետ, որի համաձայն վիճարկվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» սկանդալային օրենքի մի շարք դրույթներ, մասնավորապես, դրա պարտադիր բաղադրիչը:

Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիների աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր հիմնադրամներում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ