News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սեւազգեստ Կանայք շարժումը պաշտոնական հայտարարություն է տարածել Քեսաբում հարձակումների վերաբերյալ:

«Մենք` Հայաստանի Սեւազգեստ Կանայք շարժման ներկայացուցիչներս, կոչված լինելով պայքարելու ռազմականության եւ պատերազմի դեմ եւ ձգտելով միջազգային հարատեւ խաղաղության, մեր ձայնն ենք բարձրացնում Սիրիայում վերջերս կայացող իրադարձությունների առնչությամբ:

Համաձայն տարբեր աղբյուրների՝ 2014թ. –ի մարտի 21-ի վաղ առավոտյան Ալ Քաիդայի կից իսլամական ջիհադիսները Թուրքիայի սահմանից մտել են Սիրիական տարածք եւ հարձակվել  քրիստոնեական Քեսաբ գյուղի վրա:

Հաշվի առնելով դաժան ահաբեկչական հարձակումները՝ մենք խստիվ դատապարտում ենք ապստամբ խմբերի նմանատիպ գործողությունները Քեսաբի խաղաղ բնակիչների նկատմամբ, որտեղ ապրում են բազմաթիվ հայեր, ինչպես նաեւ այլ ազգային փոքրամասնություններ: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում նաեւ Քեսաբի տեղահանված բնակիչների հանդեպ, որոնք ժամանակավորապես տեղափոխվել են Լաթաքիայի  շրջակայք:

Մեր գերակա մտահոգությունն առաջացնող մեկ այլ խնդիր կա: Տեղեկատվությունը, որը թուրքական զինվորները ներգրավված են եղել Քեսաբի հարձակումների մեջ, հայերի շրջանում  առաջացրել է  ատելության ու զայրույթի լայն ալիք: Կողմնակալ ու չհիմնավորված տեղեկատվության տարածումը ԶԼՄ-ների միջոցով առավել վատթարացրեց առանց այդ էլ լարված  իրավիՃակը երկու ժողովուրդների միջեւ:  .

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հայաստանի Սեւազգեստ Կանանց խումբը կոչ է անում՝

• Իրականացնել պատշաճ պրոֆեսիոնալ լրագրողական հետաքննություն եւ ներկայացնել Քեսաբի դեպքերի անկողմնակալ մեկնաբանություն:

• Դադարեցնել անվստահելի եւ սխալ տեղեկատվության տարածումը մամուլի եւ մասնավորապես սոցիալական մեդիայի միջոցով:

• Ձեռնարկել համապատասխան քայլեր ահռելի թափ ստացող ատելության քարոզը եւ անհանդուրժողականության մթնոլորտը  դադարեցնելու համար, որն առաջանում է ապատեղեկատվության տարածման արդյունքում:

Մեծ ջանքեր են ներդրվել Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների միջեւ խաղաղության հաստատման ուղղությամբ: Հետեւաբար, մենք իրավունք չունենք չհարգել այն, ինչի համար պայքարել ենք տարիներ շարունակ:

Մենք կոչ ենք անում կառավարություններին պահպանել խաղաղությունը Սիրիայում եւ դադարեցնել խաղաղ բկաչության վրա ահաբեկչական հարձակումները: Հարկ է հարգել մարդու իրավունքների միջազգային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքը եւ այլ իրավական պարտականությունները, որոնք բխում են դրանց նորմերից եւ դրույթներից: Այլեւս ոչ մի զոհ չպետք է լինի, ուստի եւ մենք պահանջում ենք, որ միջազգային հանցագործություն իրականացնողները պատժվեն արդարադատության ողջ խստությամբ:

Բռնությունը, ահաբեկչական հարձակումները եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները պետք է անմիջապես դադարեցվեն, բոլոր պետությունները եւ գործող անձիք պետք է այս ուղությամբ ցուցաբերեն քաղաքական կամք»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայաստանի «Սեւազգեստ կանայք» շարժումը ֆեմինիստական խումբ է, որը պայքարում է պատերազմի, ռազմականության, բռնության եւ խտրականության դեմ: Այս ինքնավար խումբը Հայաստանում հիմնվել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի աջակցությամբ:

Տպել
Ամենաշատ