News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի «Մեդիա Կենտրոնում» ապրիլի 4-ին տեղի է ունեցել «Քեսաբ» փաստագրական ֆիլմի առաջին մասի ցուցադրությունը։  Ֆիլմաշարի առաջին մասը ներկայացնում է Միջերկրական ծովի ափին, Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից շրջանում գտնվող հին հայկական բնակավայրի պատմությունը։ 

Ֆիլմի հերոսները այդ ինքնատիպ հայկական մշակութային կղզու՝ Քեսաբի բնակիչներ են, որոնք իրենց պատմությունն են ներկայացնում՝ Տիգրան Մեծի ժամանակներից մինչեւ 21-րդ դար։  Պատմություններն առնչվում են մասնավորապես 1909թ. թուրքերի կողմից կազմակերպված տարհանմանը եւ կողոպուտին, 1515թ. ցեղասպանությանը եւ հայրենի եզերք վերադարձին 3 տարի անց։

Քեսաբցի գիտնական, ազգագրագետ Հակոբ Չոլակյանը եւ արաբ գիտնական Նիզար Հալիլին պատմում են Քեսաբի պատմությունը՝ հիմնված փաստերի վրա, իսկ հայաբնակ այդ սիրիական քաղաքի բնակիչները, ամենափոքր տարիքի դպրոցականներից մինչեւ ծերերը, ներկայացնում են իրենց անձնական պատմություններն ու մշակութային ավանդույթները։

102-ամյա քեսաբահայուհի Հալիլ Նանան (Հալիլիա Մանկիչյան), որ 1915թ.-ին 7-ամյա աղջնակ է եղել, ցեղասպանության հետ կապված իր հիշողություններն է վերապրում։

«Քեսաբ» փաստագրական ֆիլմաշարքի հեղինակները Վենետիկի Մխիթարյան միաբանության հոգեւոր հայրեր Համազասպ Քեշիշյանն են, Նորայր Մելքոնյանը, լրագրող Նանե Բագրատունին եւ Լիպարիտ Ասատրյանը։ Ֆիլմը նկարահանվել է 2009-10թթ.։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին սիրիական Քեսաբ քաղաքի վրա երկրի ընդդիմադիր ուժերի ավազակային խմբավորումների կողմից լայնածավալ հարձակողական գործողություններ էին սկսվել։  Երկու խոշոր ահաբեկչական խմբավորումներ ներխուժել էին Սիրիա Թուրքիայի տարածքից։ Քեսաբի հայ բնակչության մեծ մասը տարհանվել է Լաթաքիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ