News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանից Հայաստան փախած ընտանիքը ստանում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ողջ աջակցությունը, հայտարարել է ՀՀ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը`  NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված լուրերը` իբր ընտանիքի հոր արտահայտած դժգոհության մասին:

«Ջավիդ Օրուջեւի դժգոհության մասին առաջին անգամ եմ լսում: Կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե իհարկե, տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, առաջին հերթին դժգոհության մասին հայտնել  բնակության վայր հանդիսացող երկրի իրավասու մարմիններին: Միեւնույն ժամանակ, ցանկանում եմ ընդգծել, որ Օրուջեւի ընտանիքը ստանում է այն ամենը, ինչ նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ: Իհարկե, դա քիչ է նրանից, ինչը  կարող էին ակնկալել եվրոպական ցանկացած երկրում, սակայն յուրաքանչյուր երկիր անում է այն, ինչ կարողանում է», - նշել է Գագիկ Եգանյանը: Ինչ վերաբերում է աշխատանքի տեղավորելու կամ երեխաների կրթության վերաբերյալ հարցերին, ապա ադրբեջանական ընտանիքն ունի մյուս բոլոր փախստականներին հավասար համապատասխան բոլոր իրավունքները:  Ինչ վերաբերում է ընտանիքը երրորդ երկիր ուղարկելուն կամ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի ներկայացուցիչնեին հանդիպմանը, Գագիկ Եգանյանը  հիշեցրել է, որ Հայաստանը դրա հետ կապ չունի:  «Ջավիդ Օրուջեւն ընտանիքի հետ ճնշումներից պաշտպանություն է խնդրել, մենք իրենց այդպիսի պաշտպանություն ենք տրամադրել», - ընդգծել է Գագիկ Եգանյանը:

Ադրբեջանի լրատվամիջոցներում հրապարակումներ էին հայտնվել` իբր BBC-ին տրված Ջավիդ Օրուջեւի հացազրույցի հիման վրա:  Ըստ Ադրբեջանի լրատվամիջոցների ներկայացման` Օրուջեւն իբր դժգոհում է բնակության պայմաններից, բողոքում, որ ոչ ոքից  «ոչ մի կոպեկ» չի ստանում: Օրուջեւը բողոքել է  նաեւ, որ ոչ մի կերպ չի կարողանում հանդիպել  ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի հետ: «Ինձ նույնիսկ նրա մոտ չեն թողել: Ես այստեղ արդեն երեք ամիս եմ, իսկ նրա հետ դեռ չեմ տեսնվել», - ասել է նա:

Հունվարի 29-ին հայ-վրացական սահմանի  «Բագրատաշեն» մաքսային անցակետ էր դիմել Բաքու քաղաքի բնակիչ Ջավիդ Օրուջեւը (ծնվ. 1976 թ..)` կնոջ եւ երեք երեխաների հետ: Տղամարդը քաղաքական ապաստան էր խնդրել:

Իր որոշումը Ադրբեջանի քաղաքացին հիմնավորել է նրանով, որ հայրենիքում հալածանքների է ենթարկվել: Մասնավորապես, Օրուջեւը հայտնել է, որ հատուկ ծառայությունների ճնշումը սկսվել է հայկական ծագմամբ Ռոյա Միրզոեւայի հետ (ծնվ. 1983 թ.) իր ամուսնությունից հետո:  Հալածանքներին չդիմանալով՝ Օրուջեւը ստիպված է եղել համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ եւ կնոջ արտասահմանցի հարազատներից Հայաստանի եւ սփյուռքի մասին ստացված տեղեկությունները հաղորդել նրանց:

Ընտանիքի գլխին կախված վտանգը գիտակցելով՝ Օրուջեւը եվրոպական երկրներից մեկում հաստատվելու անհաջող փորձ է ձեռնարկել: Կրկին Բաքու ուղարկվելուց հետո նրա նկատմամբ հատուկ ծառայությունների ճնշումը սաստկացել է:

Անելանելի դրության մեջ հայտնվելով՝ Օրուջեւը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանից: Հայկական ընտանիքը ապաստան է տվել նրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ