News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 32-ամյա Նազելի Աթոյանենց տուն վերջին մեկ տարվա ընթացքում շտապօգնությունը, փրկարար ծառայությունն ու ոստիկանությունը ավելի քան 30 ահազանգ են ստացել: Հոգեկան խնդիրներ ունեցող Նազելին զանգահարում է եւ հայտնում, որ կամ ինքնասպանության փորձ է կատարել, կամ տունն է հրկիզել:

«Նազելի Աթոյանը ոչ ադեկվատ մարդ է, ալկոհոլի նկատմամբ մեծ սեր ունի: Հենց այս ազդեցության տակ էլ անկառավարելի է դառնում: Անընդհատ զանգում է փրկարար ծառայություն կամ շտապօգնություն ու ասում, որ ինքն իրեն է սպանել, կամ տունն է այրում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին Նազելիի համագյուղացիները:

Գյուղացիների խոսքով՝ Նազելին վտանգավոր է նաեւ շրջապատի համար:

«Այրվող բաներ է շպրտում սրա-նրա վրա: Հարբում է ու անկառավարելի դառնում»,- ավելացրեց գյուղացիներից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անունը:

Վերջին անգամ շտապօգնությունն ու փրկարար ծառայությունը Նազելի Աթոյանենց տուն եկել են ապրիլի 13-ին: Նազելին ցանկացել էր հրկիզել տունը:

«Եթե հրկիզեր, բացի իր տնից՝ հարեւանների տներն էլ կայրվեր, իսկ իրականում ոչ էլ ցանկանում էր այրել: Ընդամենը ձեւացնում էր: Ձախ բազուկն ամբողջությամբ վնասված է, բայց ինքն իրեն ածելիով այնպես է վնասում, որ հանկարծ էական վնասվածք չհասցնի»,- ասաց մեր զրուցակիցը:

Բերդավանցիները չեն հասկանում, թե ինչու հոգեկան խնդիրներ ունեցող աղջկան, որը նաեւ մեծ կախվածություն ունի խմիչքից, չեն տեղափոխում հոգեբուժարան:

«Եղբայրն էլ ունի հոգեկան խնդիրներ, բայց վտանգավոր չի հանրության համար, իսկ Նազելին բոլորիս կյանքն է վտանգում: Մի անգամ նույնիսկ մորն ու բժշկին է ծեծել»,- նշեցին գյուղացիները:

Տպել
Ամենաշատ