News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավոր եւ Աժ աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ տեղափոխվելու են գործադիր մարմին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Հնարավոր տեղափոխվողների ցանկը դեռ ճշտվում է, շրջանառվում են ամենատարբեր անունները: Այսպես, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Դավիթ Հարությունյանի՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակելուց բացի՝  հնարավոր է նախարարի պաշտոնի տեղափոխվեն նաեւ ԱԺ պատգամավորներ, նախկին նախարարներ Վարդան Այվազյանը եւ Կարեն Ճշմարիտյանը:

Հնարավոր է Վարդան Այվազյանին տրվի բնապահպանության նախարարի պաշտոնը, իսկ Կարեն Ճշմարիտյանին՝ Էկոնոմիկայի կամ Էներգետիկայի նախարարի պաշտոնը:

Մեր ունեցած այս տեղեկությունների շուրջ Կարեն Ճշմարիտյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բացառվում է, որ իրեն տանեն Էներգետիկայի նախարարի պաշտոնին: Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի կամ այլ  նախարարի պաշտոնին գնալուն, պատգամավորն ասաց, որ առայժմ որեւէ առաջարկ չի եղել: «Եթե համարվի, որ կարող եմ օգտակար լինել, հնարավոր է, բայց դեռ ոչինչ չկա»,-նշեց պատգամավորը:

Պատգամավոր Վարդան Այվազյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ որեւէ առաջարկ չի եղել, այդ հարցը որոշելու է երկրի նախագահը՝  վարչապետի հետ միասին, հետեւաբար՝ ինչպես իրենք նպատակահարմար գտնեն եւ որտեղ կտեսնեն իրեն, այնտեղ էլ կլինի:

Պատգամավորից նախարար պաշտոնի հավանական գնացողների շարքում շրջանառվում է նաեւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի անունը՝ որպես բնապահպանության նախարար, իսկ Մշակույթի նախարարի պաշտոնի համար միանգամից մի քանի անուն է շրջանառվում՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը, Մարգարիտ Եսայանը եւ Կարինե Աճեմյանը: Մեր աղբյուրները, ի դեպ, վերոնշյալ կանանց մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելը հավանական չեն համարում: Հնարավոր է օրենսդիր մարմնից գործադիր գնա նաեւ ԱԺ պատգամավոր, նախկինում Հովիկ Աբրահամյանի իրավախորհրդատու Արփինե Հովհաննիսյանը:

Մի շարք պատգամավորների գործադիր գնալով ՀՀԿ համամասնական ցուցակի անդամները հնարավորություն են ստանում պատգամավոր դառնալու: Հովիկ Աբրահամյանի մանդատը բաժին է  հասնում ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Լեռնիկ Ալեքսանյանին: Իսկ մյուս պատգամավորների գործադիր գնալու դեպքում պատգամավոր դառնալու հնարավորություն կստանան նախկին պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վազգեն Կարախանյանը:

Բացի պատգամավորներից՝ ԱԺ աշխատակազմից եւս հնարավոր է մի քանի հոգի տեղափոխվեն Կառավարություն: Այսպես, հավանական գնացողների մեջ շրջանառվում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի, ԱԺ նախագահի խորհրդական, նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի որդու՝ Սերգեյ Լոքյանի եւ Աժ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանի անունները, թեեւ, մեր տեղեկություններով, առայժմ Հովիկ Աբրահամյանը ԱԺ չի գնացել եւ որեւէ բան որեւէ մեկին չի հայտնել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կառավարության կազմում սպասվում են լուրջ կադրային փոփոխություններ: Մեր տեղեկություններով՝ իրենց պաշտոններին հրաժեշտ են տալու վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերը, օրինակ՝ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը, աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հեռացողների շարքում կլինեն նաեւ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը, մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ