News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ մի շարք հետաքրքիր հայտարարություններով է հանդես եկել:

«Ինտերֆաքս-Ադրբեջանի» մեկնաբանմամբ՝ Գյանջայում բռնի տեղահանվածների համար կառուցված բնակավայր այցելության ընթացքում ամերիկյան դիվանագետը հայտարարել է, որ «հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը միշտ մեծ կարեւորություն է ունեցել, սակայն այդ հարցն այսօր առանձնահատուկ  նշանակություն է ձեռք բերել»:

«Մենք ականատեսն ենք Ռուսաստանի ձեռնարկած քայլերի եւ ցանկանում ենք, որ տարածաշրջանում անկայունության դերակատարում ունեցող այս հակամարտությունը կարճ ժամկետներում իր լուծումը գտնի, եւ որ հարեւաններից ոչ ոք չփորձի տարբեր պատրվակներով չարաշահել ստեղծված իրադրությունը»,-հայտարարել է դեսպանը:

Դիվանագետը նշել է, որ հակամարտության կարգավորման համար կողմերից քաղաքական կամք է պահանջվում, ընդգծելով, որ  առաջընթացի բացակայությունը եւ 20 տարուց ավելի շարունակվող կարգավորման գործընթացի ձգձգումը կապված է դրա բնույթի բարդության հետ:

«Երկու երկրների նախագահները պետք է համատեղ քայլեր ձեռնարկեն հակամարտության վերջնական լուծման համար, պետք է համաձայնության հասնեն, որի շրջանակում կներառվի Լեռնային Ղարաբաղի շրջակա յոթ շրջանների ազատագրումն օկուպացումից», - ընդգծել է դեսպանը:

Բոլոր դեպքերում ամերիկացի դիվանագետը նշել է Ռուսաստանի հետ համագործակցության կարեւորությունը՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում: «Իհարկե, այդ հարցի լուծումը պահանջում է համագործակցություն Ռուսաստանի հետ»,-ընդգծել է Մորնինգսթարն ու հավելել. «Խոստանում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մենք կանենք անհրաժեշտ ամեն բան եւ կլինենք ակտիվ: Մենք առաջ ենք քաշում տարբեր գաղափարներ բանակցային գործընթացն առաջ մղելու եւ փակուղային իրավիճակից դուրս գալու համար»,-նշել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ