News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սահմանամերձ տարածքում ականի պայթելու հետեւանքով մահացած եւ վիրավոր գյուղացիները խնամիներ էին, նրանք միասին գնացել էին խոտաբույս հավաքելու:

Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մահացողը՝ 56-ամյա Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը ամուսնացած է, ունի երկու երեխա: Նրա որդին ամուսնացած է միջադեպի հետեւանքով վիրավորված Գաբրիել Հրաչի Բաբիկյանի դստեր հետ: Գյուղապետը նշեց, որ մահացածը զբաղվում էր շինարարական աշխատանքներով, տան վերանորոգման գործեր էր անում: «Գնացել են խոտ հավաքելու, հասել են ականապատված դաշտ,  այնտեղ ակնհայտ է, որ արգելապատնեշ կա, ականներ կան, մինչ այդ կան նաեւ բազմաթիվ վահանակներ: Ինքը ըստ երեւույթին կրունկն է դրել, վիրավորը՝ թաթի հատվածով, բայց հետո երկրորդն է պայթել, երբ մենք հասել ենք դեպքի վայր, կենդանի էր, հիվանդանոցի ճանապարհին՝ մեքենայում է մահացել, խոսում էր, իհարկե, ոչ հստակ, ասացի՝ ինչիդ էր պետք, բա թե չգիտեմ»,-փոխանցեց գյուղապետը:

Իսկ Հաղթանակի գյուղապետ Վահրամ Շառոյան, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վիրավորված Գաբրիել Բաբիկյանը 4 երեխա ունի, կրտսերը անչափահաս է, մեծ տղան գտնվում է բանակում, դուստրն էլ ամուսնացած է: Նա զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով:

«Ինքը ժամանակին պայմանագրային զինծառայող է եղել, նկատել է, որ ականի վրա է կանգնած, զանգել է ընկերոջը, որ տեսնի, թե ինչ անի, էդ ժամանակ խնամին եկել, աննկատ անցել է, ականը պայթել է, երկուսին էլ շպրտել մի կողմի վրա»,- պատմեց գյուղապետը: Նա նաեւ ասաց, որ վիրավոր Գաբրիել Բաբիկյանին «Նոյեմբերյանի» բ/կ-ում արդեն վիրահատել են,  այժմ նրան տեղափոխում են Երեւան: Վահրամ Շառոյանը նաեւ նշեց, որ ընտանիքը ապրում է ծանր սոցիալական պայմաններում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 56-ամյա Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը եւ Հաղթանակ գյուղի բնակիչ, 49-ամյա Գաբրիել Հրաչի Բաբիկյանը, այսօր՝ ապրիլի 15-ին, Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում եւ պայթել են ականի վրա: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստացած վնասվածքներից Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը մահացել է: Գաբրիել Հրաչի Բաբիկյանը ականապայթյունային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Ռաֆիկ Մուղդուսյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով կոչ ենք անում սահմանամերձ գոտիների բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ուշադիր լինել եւ հետեւել ականապատ տարածքներում տեղադրված նախազգուշական նշաններին»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ