News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ես զինվորական եմ, իսկ զինվորականին դիմում են կոչումով եւ անուն, ազգանունով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանը՝  անդրադառնալով իր «Գել» մականվան շուրջ շահարկումներին: 

Նա նախ պարզաբանեց, որ իր անունը ոչ թե Գարիկ է, ինչպես նշվում է լրատվամիջոցներում, այլ Գարեգին է եւ հետո կոչ արեց լրագրողներին իրեն «Գել» մականվամբ չներկայացնել: «Ես զինվորական մարդ եմ, իսկ զինվորականին դիմում են կոչումով եւ անուն, ազգանունով: Ես անուն ունեմ, սիրում եմ իմ անունը, ինձ ոչ ոք չի դիմում այդ մականվամբ եւ ոչ մեկ իրավունք չունի ինձ այդպես դիմի»,- ասաց նա:

Գարեգին Գաբրիելյանը չցանկացավ հայտնել, թե ով եւ երբ է իրեն կնքել այդ մականունը, ինչպես է այն տարածվել: Նա միայն նշեց, որ իր մականունը որեւէ վատ նշանակություն չունի,  նախ՝ գայլը համարվում է անտառը մաքրող, սանիտար, իսկ հետո հավելեց. «Գայլը ուժեղ կենդանի է, բայց ես կենդանի չեմ, մարդ եմ»: Նա խնդրեց այլեւս այդ թեմային չանդրադառնալ, քանի որ դա իր համար հաճելի թեմա չէ:

Նշենք, որ Գարեգին Գաբրիելյանը այսօր չի աշխատում, հանգստանում է, ժամանակն անցկացնում ընտանիքի հետ, աշխատանքի առաջարկ չունի, զբաղվում է բիզնեսով: Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության հետ կապված զենք, զինամթերք վաճառելու թեմային, ապա նա չի ցանկանում անդրադառնալ նաեւ այդ թեմային՝ հավելելով, որ դրա մասին կարող ենք տեղեկանալ դատախազությունից, ՀՔԾ-ից:  Իսկ թե ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարը երբ է պատրաստվում այդ մասին խոսել, Գարեգին Գաբրիելյանն ասաց՝ «օրը կգա, բարին էլ՝ հետը»:

Տպել
Ամենաշատ