News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Հարսնաքարի» գործով դատապարտվածների հարազատներն այսօր՝ ապրիլի 16-ին, հանդիպեցին ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ Նորայր Փանոսյանի հետ։ Առավոտյան ժամը 10։00-ից նրանք հավաքվել էին շենքի մոտ, քանի որ նախորդ օրը նախագահի նստավայրի մոտ նախարար Հրայր Թովմասյանը հանդիպել էր նրանց ու խոստացել այսօր ընդունել ու լսել նրանց։

Մեկ ժամից ավելի սպասելուց հետո դատապարտյալների հարազատներին մոտեցավ նախարարության անվտանգության աշխատակիցը, որը տեղեկացրեց, որ նախարարը շենքում չէ եւ նրա փոխարեն իրենց կընդունի փոխնախարարը։ Ամբաստանյալ  Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը զայրացավ. «Մեր հարցը ինքը պետք ա լսի, եթե ոչ, վաղը պլակատներով կգանք, խայտառակ վիճակ կստեղծենք»։

Քիչ անց ընդունարանում սպասվող ամբաստանյալների հարազատներից մեկը շենքից դուրս գալով հանդիպել էր նախարար Հրայր Թովմասյանին, որը նույնպես ասել էր, որ իր փոխարեն մեկ ուրիշը կընդունի նրանց ու իրեն կփոխանցի զրույցի մանրամասները։  

«Մեզ խոստացել էր, որ ինքը կընդունի։ Բայց վախեցավ, փախավ»,- դժգոհեցին հավաքվածները։

Եվս մեկ ժամ սպասելուց հետո դատապարտյալների հարազատները հանդիպեցին Նորայր Փանոսյանի հետ, ներկայացրեցին իրենց խնդիրը։ Նրանք վստահ են, որ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվանը հանգեցրած ծեծկռտուքին մասնակցած բոլոր անձանց հավասարապես 12 տարվա ազատազրկման ենթակելը արդարացի չէ։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչն ասաց, որ նախարարությունն իրավասու չէ միջամտել դատարանի գործունեությանը, եթե դժգոհ են դատարանի որոշումից, պետք է Վերաքննիչ դատարան դիմեն։ Փանոսյանը նաեւ խոստացավ ծանոթանալ դատավճռին եւ իրենց զրույցի մանրամասները փոխանցել նախարարին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: 2013թ. մարտի 24-ին առաջին ատյանի դատարանը բոլոր 6 ամբաստանյալներին դատապարտել էր 12 տարվա ազատազարկման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ