News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գավառի մանկատան սան, ապրիլի 1-ին մանկատունը ինքնակամ լքած եւ 10 օր անց հայտնաբերված 14-ամյա Արեւշատ Զախարյանն առայժմ կմնա մանկատանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:

Նա նշեց, որ քննարկել են երեխայի մանկատանը մնալ-չմնալու հարցը, որոշել են, որ առայժմ նա կմնա իրենց մոտ: «Եղբայրը արդեն աշխատանք ունի, գուցե հետագայում վիճակը ավելի լավանա, երեխան գնա եղբոր մոտ: Չի բացառվում, որ մինչեւ չափահաս դառնալը մնա մեզ հետ, հետո գնա բանակ, գա եւ ինքը որոշի՝ ինչ է անում»,- ասաց տնօրենը:

Նա ասաց, որ Արեւշատի վիճակը լավ է, նա զղջում է իր արարքի համար: «Երեխան սիրով մնում է մեզ մոտ, զղջում է իր արածի համար, նա ասել է, որ չգիտեր, որ այսպես աղմուկ կբարձրանար, չի ընկալել արածի պատասխանատվությունը, որ իմանար այդպես կլիներ, շուտ կվերադառնար կամ ընդհանրապես չէր գնա, չէր մտածել, որ այսքան մեծ խնդիրներ կառաջանան»,-ասաց մանկատան տնօրենը:

Իսկ թե ինչու էր երեխան լքել մանկատունը, Նիկոլայ Նալբանդյանը նշեց, որ պատճառը եղբոր կարոտն էր: «Դրանից բացի՝ երեւի եղբայրն էլ է նպաստել, որ ինքը գնա: Երեւի եղբայրը իրեն մենակ էր զգում, ուզում էր, որ մեկը լիներ իր հետ»,-ասաց տնօրենը: Նա նաեւ նշեց, որ այդ օրերի ընթացքում նրանք եղել են տարբեր վայրերում,  վերջին օրերին՝ այգիներում: 

Երեխան չի ասում, թե մուրացկանությամբ է զբաղվել, բայց պատմել է, որ եղբոր հետ փոքր աշխատանքներ են կատարել եւ հոգացել են օրվա խնդիրները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գավառի մանկատան սան, 2000 թ. ծնված Արեւշատ Զախարյանն ապրիլի 1-ին ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել: Արեւշատին գտել են ապրիլի 10-ին Երեեւանի այգիներից մեկում ավագ եղբոր հետ։

Նշենք, որ Արեւշատ Զախարյանի մայրը ինսուլտ է տարել, գտնվում է անկողնային վիճակում: Բացի ավագ եղբորից՝ նա ոչ մի հարազատ չունի: Երեխան մոտ 6 տարեկանից գտնվել է տարբեր մանկատներում: Ամենասկզբից նա գտնվել է Գավառի մանկատանը, այնուհետեւ 5 տարի Հրազդանի մի ընտանիքում գտնվում էր խնամակալության տակ, սակայն այդտեղ էլ չի մնացել, դրանից հետո 2 ամիս մնացել է Գյումրիի մանկատանը, որտեղ չի համակերպվել, ասել է, թե կփախչի, այնուհետեւ մի քանի ամիս մնացել է ՀՕՖ-ի կենտրոնում եւ 3 ամիս առաջ նորից տեղափոխել են նորից Գավառի մանկատուն: Տնօրենն ասել է, որ նա շատ ինքնամփոփ երեխա է եւ վատ է հաճախել դպրոց:

Տպել
Ամենաշատ