News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարում է, որ չի հաշվարկի եւ չի վճարի իր աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակի վճարները։

ՀՔԱՎ տարածած հայտարարության մեջ ասվում է. «2014 թ. ապրիլի 2-ին ՀՀ սահմանադրական դատարանը կայացրեց թիվ ՍԴՈ-1142 որոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86 հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով: Սույն որոշումը, առաջին հայացքից պարունակելով հակասական ձեւակերպումներ, կայացման իսկ պահից ենթարկվել է տարաբնույթ մեկնաբանությունների ինչպես պետական մարմինների, պաշտոնատար անձանց, այնպես էլ անհատ իրավաբանների, փորձագետների եւ փաստաբանների կողմից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բազմիցս հայտնել է ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների պատշաճ կատարման վերաբերյալ իր մտահոգությունները:

Այս դեպքում եւս պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի սույն որոշման մեկնաբանությունները կարծես թե ուղղված են արդարացնելու որոշման ոչ լիարժեք եւ պատշաճ կատարումը՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Սահմանադրությունն անձի հիմնական իրավունքները եւ ազատությունները համարում է բարձրագույն արժեք, իսկ պետությունն էլ կրում է այդ իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ապահովման պարտականությունը՝ միաժամանակ նաեւ սահմանափակված լինելով այդ իրավունքներով եւ ազատություններով:

Միաժամանակ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որպես իրավաբանական անձ, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում է գործատու եւ կրում է իր աշխատակիցների, ինչպես նաեւ պայմանագրային ծառայություն մատուցած անձանց համար կուտակային վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականություն: Կազմակերպության մի շարք աշխատակիցներ էլ ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչված)՝ հանդիսանում են պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակիցներ: Կազմակերպության աշխատակազմի արտահերթ ժողովում քննարկելով խնդրի վերաբերյալ աշխատակիցների դիմումները՝ որոշվել է Կազմակերպության որեւէ աշխատակցի կամ Կազմակերպությանը ծառայություն մատուցած որեւէ անձի համար չհաշվարկել եւ չվճարել պարտադիր կուտակային վճարումները, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը դիմել է նման պահանջով:

Այսպիսով, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը. հաշվի առնելով կազմակերպության աշխատակիցների դիմումները, ինչպես նաեւ ղեկավարվելով «Հասարակական կազմակեպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, Կազմակերպության կանոնադրության դրույթներով, առաջնորդվելով մարդու իրավունքների եւ ազատությունների գերակայության սկզբունքով, ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ոգով, դիտարկելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն իր ամբողջության մեջ, ելնելով իր անդամների եւ աշխատակիցների իրավունքների եւ օրինական պահանջների իրականացման անհրաժեշտությունից, հիմք ընդունելով մի շարք իրավական ակտերի դրույթներ, ներառյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետը, որն ուղղակիորեն պարտավորում է գործատուին, կատարելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջները, հիմքում չունենալ, չմեկնաբանել եւ չկիրառել այդ դրույթը մարդկանց հայեցողությունից անկախ, նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, չի հաշվարկի եւ չի վճարի կազմակերպության վարձու աշխատողների եւ պայմանագրային եկամուտ ստացող այլ անձանց համար կուտակային վճարները մինչ ՀՀ սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխան նոր օրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կներկայացնի հակառակ պահանջ»:

Տպել
Ամենաշատ