News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իմ քաղաքական հայացքները ոչ միայն չեն փոխվել, այլ ավելի են ամրապնդվել: Այս մասին հայտարարություն է տարածել ազատամարտիկ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը, որն այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«2013 թ. սեպտեմբերի 30-ին, իմ ձերբակալությունից 10 օր անց տարածված առաջին հայտարարությանս մեջ ես շեշտել էի, որ.

• վարչախմբի ու մեր ժողովրդի շահերն իրար հակասում են,

• մենք ազգային պետություն չունենք, եղածը ժողովրդին ու մեր պետականությունը կործանող մի գործիք է,

• 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը կիսատ է մնացել, այն պետք է ավարտել ազգային պետության կերտումով,

• ես մտադիր էի սոցիալական պայքարի դրոշը փոխարինել ազգային-ազատագրական պայքարի դրոշով եւ միանալ Նախախորհրդարանին,

• իմանալով իմ մտադրության մասին եւ չկարողանալով ինձ հետ պահել դրանից` վարչախումբը շինծու մեղադրանքով ձերբակալեց ինձ:

Պայքարի առաջին իսկ օրվանից իշխանության տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչներ Սերժ Սարգսյանի ցուցումով փորձել են ինձ գայթակղել ու կաշառել` առաջարկելով  պաշտոն, բիզնես կամ մեծ գումար: Սակայն ես մերժել եմ, քանի որ չեմ կարող ծախել հոգիս ու Հայրենիքս:

Արդեն յոթ ամիս է, որ ես իմ քաղաքական հայացքների համար բանտարկված եմ: Առողջության հետ կապված պրոբլեմներ ունեմ, սակայն ինձ հետ հաշվեհարդար տեսնելու նպատակով անգամ բուժօգնություն չեն ցուցաբերում: Ավելին, վարչախումբը հալածում է ոչ միայն ինձ, այլեւ ընտանիքիս անդամներին: Այս ընթացքում անօրինական կերպով բանակ են զորակոչել որդուս` Ավետիս Ավետիսյանին, հաշվի չառնելով, որ ծանր հիվանդության պատճառով նա պիտանի չէ զինվորական ծառայության համար:

Բայց վարչախմբի ջանքերն ապարդյուն են: Ես եւ իմ ընկերներն հաստատակամ ենք եւ շարունակում ենք պայքարը: Դրան են միացել նաեւ քաղաքացիներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ։ Նախաքննության ընթացքում ինձ ներկայացված շինծու մեղադրանքների փուչիկը պայթել է, իսկ դատավարությունը վերածվել է զավեշտի:

Իմ քաղաքական հայացքները ոչ միայն չեն փոխվել, այլ ավելի են ամրապնդվել:

Ես առավել քան համոզված եմ, որ այս վարչախումբը պատերազմում է մեր ժողովրդի դեմ: Նա ոչ այլ ինչ է, եթե ոչ ներքին թշնամի, որն այսօր արդեն բացահայտ կերպով մեր երկիրը հանձնում է օտարին: Ուստի նրան պետք է հեռացնել եւ պատասխանատվության ենթարկել։

Իմ մարտական ընկերներին ու մեր ամբողջ ժողովրդին կոչ եմ անում` ինչպես Արցախյան շարժման ժամանակ պայքարեցինք արտաքին թշնամու դեմ եւ ազատագրեցինք Արցախը, այնպես էլ հիմա համախմբվենք եւ պայքարենք ներքին թշնամու դեմ ու ազատագրենք ամբողջ Հայաստանը»:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ