News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեր երկիրը, ինչպես հայտնի է, ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործման մակարդակի վարկանիշով համաշխարհային առաջատարներից մեկն է: Օրինակ` մեկ մարդու հաշվարկով օգտագործված ալկոհոլի մակարդակով (15 եւ բարձր տարիքային խմբերի համար)188 երկրների շարքում Հայաստանը 31-րդ տեղն է զբաղեցնում:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012թ. ալկոհոլային խմիչքների` մեծածախ ապրանքաշրջանառության կազմում կշռված քաշը 6,7 տոկոս է կազմել, ծխախոտի 1,6 տոկոսի դիմաց: Ուղիղ հակառակ պատկերն է ստացվում ընտանիքների բյուջետային ուսումնասիրությունների արդյունքում: Այստեղ ալկոհոլային խմիչքների վրա ծախսված գումարները ընտանեկան բյուջեի 1,5 տոկոսն են կազմում, իսկ ծխախոտի վրա` 8 տոկոսից մի փոքր բարձր: Առաջին հայացքից բացահայտ թվացող այս հակասությունն իր բացատրությունն ունի:

Գաղտնիք չէ, որ բյուջետային ուսումնասիրությունները մեր հասարակության ապահովված շերտերի շրջանցմամբ են իրականացվում: Մեր հարուստները չեն ցանկանում իրենց եկամուտների ու ծախսերի մասին բարձրաձայնել, չնայած այդ տեղեկությունները գաղտնի են պահվում եւ ԱՎԾ-ի կողմից հրապարակման ենթակա չեն:  Բայց, ամեն դեպքում, հիշյալ խմբերը ներկայացնող քաղաքացիները խույս են տալիս ծառայության` հետազոտություններին մասնակցելու առաջարկներից, ինչը ազդեցություն է թողնում այդ հետազոտությունների ներկայացուցչականության վրա:

Հայտնի է նաեւ, որ մեր երկրում անապահով շերտերը ներկայացնող ընտանիքների վճարունակությունը ոչ թե ցածր է, այլ` չափազանց ցածր: Այդ պատճառով էլ, նույնիսկ ամենաէժան սիգարետները պարբերաբար գնելու դեպքում, այդ ուղղությամբ ծախսումները ընտանեկան բյուջեի բավականին բարձր բաժինն են կազմում: Ալկոհոլային խմիչքների մասով իրադրությունը մի փոքր այլ է: Հարկավոր է հաշվի առնել, որ Հայաստանի գյուղական բնակավայրերում լայն տարածում ունի «տնական» օղու եւ գինու պատրաստումը: Այդ ֆոնին «գործարանային» ալկոհոլային խմիչքներն այստեղ ավելի քիչ են վաճառվում, քան հանրապետության քաղաքներում:

Ի միջի այլոց, գյուղացի հարազատներից նվեր ստացված կամ գնված «տնական» օղին ու գինին քաղաքաբնակների մոտ առավել հեղինակություն են վայելում, քան ցածր գնային կատեգորիայի «գործարանայինները»:

Հասկանալի է, որ «աղքատները» հիմնականում գնում են հայրենական արտադրության համեմատաբար էժան օղի: Առանձին քաղաքացիներ դրամ խնայելու համար պարզապես սպիրտ են գնում ու ջրով նոսրացնում: Այլ հարց է «հարուստների դեպքում», որոնց հասանելի է թանկարժեք ներկրվող օղին, ինչպես նաեւ ապրանքանիշային կոնյակը բարձր գների դիմաց՝ ինչպես հայրենական արտադրության, այնպես էլ ներկրվող: Այս հանգամանքը հանրապետության ապրանքաշրջանառությունում ավելացնում է ալկոհոլային խմիչքների մասնաբաժինը, սակայն վերոհիշյալ պատճառով, չի անդրադառնում ընտանիքների բյուջեի հետազոտությունների վրա:

Եկամուտների ցածր մակարդակ ունեցող ընտանիքները կոնյակ գնելու շքեղություն կարող են թույլ տալ միայն տոներին, այն էլ ոչ միշտ: Սակայն ապրանքային ռեսուրսներում միջինը յուրաքանչյուր 8 կես լիտրանոց շիշ օղուն նույն ծավալով կոնյակ է բաժին է հասնում: Այստեղ նույնպես արտացոլվում է մեր հասարակության դրամական կապիտալի գործոնը, որը բերում է նման համահարաբերակցության: Բացի այդ հայկական կոնյակը միշտ յուրատեսակ հուշանվեր էր մեր երկիր այցելով զբոսաշրջիկների համար, որոնք հաճույքով ձեռք էին բերում այդ ըմպելիքը:

Ծխախոտի մասով չի ացառվում մեկ այլ հանգամանք: Հայտնի է, որ բարեկեցության աճին զուգահեռ շատ քաղաքացիներ անցնում են քիչ թե շատ առողջ կենսակերպի եւ հաճախ սահմանափակում են ծխախոտի օգտագործումը: Բնականաբար, սա չի վերաբերում  մոլի ծխողներին, որոնք պարզապես էժան ծխախոտից անցնում են թանկի, որն ավելի քիչ նիկոտին ու խեժ է պարունակում:

Ժողովրդի բարեկեցության ազդեցությունտ նկատելի է նաեւ գլոբալ տեսանկյունից: Ծխողների թիվը կրճատվում է զարգացած երկրներում, ավելանում է եկամուտի ցածր եւ միջին մակարդակ ունեցող երկրներում: Վերջին քսան տարվա ընթացքում ավելի շատ սկսել են ծխել Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում: Մի շարք զարգացած երկրներում գործում է ծխախոտի հակագովազդը, ինչպես նաեւ տարբեր հաստատություններում ծխելու արգելքը(գրասենյակներ, սրճարաններ, ռեստորաններ եւ այլն):

Մեր երկրում ծխախոտի սիրահարների թվի վերաբերյալ տարբեր ցուցանիշներ կան, որոնք ստացվել են սոցհարցումների ընթացքում: Սակայն կա մեկ այլ տարբերակ, որը հենված է հայաստանում ծխախոտային ռեսուրսների վրա: Եթե ենթադրենք, որ յուրաքանչյուր ծխող օրական մեկ տուփ ծխում է, ապա նրանց թիվը մոտավորապես կկազմի 0.6 մլն մարդ: 3 մլն-ից պակաս բնակչությամբ Հայաստանի համար սա փոքր թիվ չէ՝ հաշվի առնելով անչափահասների թիվը, ինչպես նաեւ հայերենիքից բացակայող աշխատանքային միգրանտների թիվը:

Միամիտ կլիներ համարել, որ հակագովազդը, զանազան արգելքները թույլ կտան կրճատել ծխախոտի, միաժամանակ նաեւ ալկոհոլի օգտագործումը: Առանց երկրում աղքատության իրական հաղթահարման՝  այլ ոչ թե թղթի վրա ամրագրված, բոլոր այդ փորձերը դատապարտված են անհաջողության:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ