News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի փաստաբանն այսօր՝ ապրիլի 17-ին դիմելու է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետին, որպեսզի իր պաշտպանին թույլատրվի մասնակցել հոր հուղարկավորությանը:

«Դիմելու ենք, սակայն համոզված եմ, որ թույլ չեն տալու: Ըստ Քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածի նրա նման ամբաստանյալին կարճաժամկետ արձակուրդ չի տրվում»,- ասաց նա:

Նշենք, որ 80-րդ հոդվածն ասում է, որ դատապարտյալին, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի, կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դեպքում:

Ավելի վաղ, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Քյարամ Ամոյանին քրեակատարողական հիմնարկից դուրս գալու որոշում պետք է կայացնի դատարանը:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար:

Տպել
Ամենաշատ