News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի պահպանման համար հասարակական մի շարք կազմակերպություններ բողոքի ակցիաներ են նախաձեռնում Երեւանում եւ Գեղարքունիքի մարզում: Այս մասին այսօր` ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էկոլոգիական հասարակական դաշինքի» համակարգող Սիլվա Ադամյանը:

«ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ստորագրեց օրենքի երկու նախագիծ, որոնցով յոթանասուն մլն խորանարդ ավելի ջուր պետք է վերցնել Սեւանից, ինչպես նաեւ ձկնաբուծական ֆերմա է կառուցվելու: Մենք նամակներ ենք ուղարկել նախագահին, նախկին վարչապետին, սակայն անարդյունք: Մենք որոշել ենք կոշտ քայլերի դիմել: Ապրիլի 26-ին Ազգային ժողովի դիմաց է լինելու, իսկ դրանից մեկ օր առաջ էլ Սեւանում է քայլերթ լինելու»,- ասաց նա:

Մասնագետներն առաջարկում են նախագիծ, որով կարելի է բավականին մեծ գումարներ խնայել եւ այդ ձկնաբուծական ֆերման կառուցել այլ վայրում:

«Մեր փորձագետ Սերգեյ Մինասյանը նախագիծն ուղարկել է Ազգային ժողով, սակայն պատասխան չկա»,- ավելացրեց Սիլվա Ադամյանը:

Հանդիպմանը եկել էին նաեւ Գեղարքունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Տարածքային զարգացման եւ հետաոզությունների կենտրոն» հկ նախագահ Սաթենիկ Բադեյանը համոզված է, որ օրենսդրական նախաձեռնությունների հետեւանքները ծանր են լինելու ոչ միայն լճի, այլեւ հասարակության համար:

«Պատերազմի օրերին Սեւանի մակարդակն իջավ, որովհետեւ մենք շրջափակման մեջ էինք եւ այդ ջուրը մեզ շատ պետք էր: Հիմա էլ մենք պատերազմական վիճակում ենք եւ հնարավոր է նորից հայտվենք այդ վիճակում, այնպես որ խաղաղ պայմաններում այդ ջուր հանելը պատկերացրեք` ջրի մակարդակն ինչքան կիջնի»,- ասաց Սաթենիկ Բադեյանը:

Կառավարության դիտարկումը, թե դա արվում է Արարատի մարզի գյուղերին ջրով ապահովելու համար, Ինգա Զառաֆյանն անիրական է համարում. «Եղել ենք ութ գյուղերում, որտեղ տեսել ենք, որ ջրի պակաս չկա: Ջրի խնդիր կա Էջմիածնի գյուղերում, որտեղ սակայն խնդիրը կառավարման մեջ է»:

Օրենսդրական նախաձեռնությունները չեղյալ համարելու համար կազմակերպությունները դիմել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ինչպես նաեւ սկսել են ստորագրահավաք:

Նշենք, որ առաջին 10 տարվա ընթացքում տարեկան կարտադրվի, կվերամշակվի եւ կարտահանվի մոտ 50 հազար տոննա ձուկ, որի արժեքը կկազմի շուրջ 175 մլրդ դրամ: Ամեն տարի ցանցավանդակային տնտեսությունների ձեւավորած հասույթի 1.5 տոկոսը պետք է տրամադրվի հիմնադրամին՝ Սեւանա լճում իշխանի պաշարի վերականգնման նպատակով մանրաձուկ ձեռք բերելու համար: Ենթադրվում է, որ Սեւանի իշխանի արտադրության ոլորտում կստեղծվի 2.5-3 հազար, իսկ ընդհանուր արժեշղթայում՝ 5-6 հազար աշխատատեղ:

Տպել
Ամենաշատ