News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն ընդգծել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Բաքվում հնչած հայտարարությունների ոչ կոմպետենտ լինելը:

NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներն ԱՀ այցի եւ Միլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ռանկո Կրիվոկապիչի հայտարարությունները` Արտաշես Գեղամյանը նշել է.

«Հատկանշական է, որ Միլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը եւ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը համաձայնել էին, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի այսպես կոչված «ԵԱՀԿ Լիսաբոնյան սկզբունքների» վրա, որոնք հնչել էին 1996 թ. դեկտեմբերին` ԵԱՀԿ անդամ պետությունների գագաթաժողովում,  եւ համալրված Մադրիդյան սկզբունքների հիման վրա:  Սա հատկանշական է նրանով, որ այսպես կոչված լիսաբոնյան սկզբունքներում մի կետ կար նշված, եթե չեմ սխալվում,  համար 20-ը, որտեղ նշված էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման պայմանները` միանգամայն անընդունելի հայկական կողմի համար:  Եվ դա Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից այդ կետի վրա վետո կիրառելու պատճառ էր դարձել:  Իսկ մենք գիտենք, որ ԵԱՀԿ գագթաժողովներում բանաձեւերն ընդունվում են համաձայնության հիման վրա:  Նշանակում է` այդ կետը հանվել էր Լիսաբոնի բանաձեւից:  Ի պատասխան Հայաստանի նախագահի վետոյի` այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւը հանդես էր եկել հայտարարությամբ, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այդ կետը չընդունելու դեպքում ինքը վետո է կիրառում ամբողջ բանաձեւի վրա, ինչպես եւ արեց:  Նշանակում է`  իրականում որպես պաշտոնական փաստաթուղթ «լիսաբոնյան սկզբունքները» գոյություն չունեն. այն չէր ընդունվել:  ԵՎ այս առումով զարմանալի է, որ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը տեղյակ չէր այդ մասին: Ավելի պարզ ասած` ադրբեջանցի գործընկերը «սարքել էր» ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի գլխին»:  Բնականաբար, սա մեր կողմից չարախնդության առիթ չէ: ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակությունը հարգանքով է վերաբերվում ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Ռանկո Կրիվոկապիչին եւ ափսոսանք  հայտնում, որ վերջինս երանելի անտեղյակության մեջ է հնարավոր խորամանկությունների հարցում, որոնք ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատվիրակության գործունեության էությունն են»:

Ըստ Ադրբեջանի լրատվամիջոցների հրապարակումների` ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը, գտնվելով Բաքվում, հայտարարել էր, որ «ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով գոյություն ունեն Լիսաբոնյան, Մադրիդյան սկզբունքները, ՄԱԿ-ի բանաձեւերը եւ միջազգային այլ կազմակերպությունների կողմից ընդունված համապատասխան փաստաթղթեր», ԵԱՀԿ-ն աշխատում է` այդ սկզբունքներին հետեւելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ