News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի նախագծային հանձնախումբը հավանություն է տվել Վահան եւ Անուշ Շամլյանների անվան հայկական դպրոցի` աշակերտների առավելագույն թիվը ներկայիս 500-ի փոխարեն 700 դարձնելու վերաբերյալ դիմումին: Ինչպես «Glendale News-Press» պարբերականն է գրում, լսումներին շուրջ 20 մարդ է ելույթով հանդես եկել: Ինչպես եւ նախկինում, անհանգստության առիթ է եղել հիմնականում ճանապարհային երթեւեկության թեման: Սակայն ընդլայնման կողմնակիցները, որոնցից շատերը ծնողներ են եղել, խոսել են դպրոցի դաստիարակչական միջավայրի եւ ուժեղ կրթական ծրագրի նշանակության մասին:

Հանձնախմբի անդամ Չան Լի-ն, դպրոցի հարեւանությամբ բնակվող քաղաքացիների` ճանապարհա-տրանսպորտային պատահարների մասին հիմնավորումը լսելուց հետո, հարցրել է քաղաքի ոստիկանության լեյտենանտ Սքոթթ Բիքլին, թե արդյոք այդ տարածքում անսովոր բարձր թվով միջադեպեր են գրանցվում: «Իրականում այդ ցուցանիշը ոչնչով չի տարբերվում յուրաքանչյուր այլ դպրոցից»,-պատասխանել է նա, հավելելով, որ, այնուամենայնիվ, առավոտյան եւ երեկոյան պողոտայի երթեւեկությունը խիստ ծանրաբեռնված է լինում: Այդուհանդերձ, նրա խոսքերով, ճանապարհային երթեւեկության` աշակերտների թվաքանակի ավելացմանը զուգահեռ փոփոխված պլանը կարող է լուծել այդ խնդիրը:

Համաձայն նոր պլանի, դպրոցը աշակերտներից շատերին Լա-Կրեսենտեում գտնվող կրթական համալիրի տարածքից ավտոբուսով մինչեւ Գլենդեյլի կենտրոնում գտնվող Սբ. Մարիամ հայ առաքելական եկեղեցու տարածք կհասցնի, որի շրջակայքում էլ նրանք հիմանականում ապրում են: Դպրոցն այսուհետ աշակերտներից կպահանջի կամ ավտոբուսով տեղաշարժվել, կամ էլ` ծնողների ներքին համաձայնությամբ` օրը մեկի ավտոմեքենայով: Կրթարանն արդեն կիրառում է նման ծիրագիր, որին 25 ծնողներն են մասնակցում: Ի փոխհատուցում` հաստատությունը պատրաստ է նրանց կրթավճարից 50 դոլարի չափով զեղջ տրամադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ