News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը այսօր՝ ապրիլի 18-ին, որոշեց հետաձգել իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործը կարճելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդության քննարկումը մինչեւ գործով առկա էական ապացույցների ուսումնասիրումը:

Վարդան Պետրոսյանը, դիմելով դատարանին, խնդրեց, որ դատախազն այլեւս որակումներ չտա իր փաստաբանին. «Թախանձագին խնդրում եմ, հարգելի դատարան, որ թույլ չտաք դատախազին որակումներ տալ իմ փաստաբանին՝ «փայլուն տեսական գիտելիքներ ունեք, լացակումած արտահայտություններ եք անում»։ Ես էլ կարող եմ որակումներ թույլ տալ  դատախազի կամ ընդհանրապես դատաիրավական համակարգի վերաբերյալ»:

Վարդան Պետրոսյանը նաեւ հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Ինձ առաջադրված մեղադրանքի մեջ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, երբեք դա չխառնեք Հակոբյանների ընտանիքի հետ: Ես ճանապարհային երթեւեկության կանոները չեմ խախտել, վթարի նախորդող պահին հեռախոսով չեմ խոսել եւ արագություն չեմ գերազանցել»,- ի պատասխան դատավորի՝ իրեն մեղավոր ճանաչելու վերաբերյալ հարցին ասաց դերասանը:

Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը ամբաստանյալին խնդրեց առաջինը ցուցմունք տալ, քանի որ նախաքննության ընթացքում նա ցուցմունք չի տվել:

Նիկոլայ Բաղդասարյանն էլ առարկեց, թե Վարդան Պետրոսյանը ցանկացել է ցուցմունք տալ, սակայն քննիչը ձեւաթուղթ  չի տրամադրել, եւ ավելացրեց, որ իրենք էլ են շահագրգռված, որ գործում եղած ապացույցները հետազոտեն. հարցաքննվեն տուժողները, վկաները եւ նոր միայն ամբաստանյալը։

Դատարանը որոշեց հետզոտել ապացույցները,  հարցաքննել տուժողներին, վկաներին, իրեղեն ապացույցները, իսկ վերջում հարցաքննել ամբաստանյալին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Եղիշի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին: Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Արթուրի Հակոբյանին եւ էդգար Հայկի Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Մարտիրոսի Հակոբյանի, էմմա Հայկի Հակոբյանի ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Մարտիրոսի Հակոբյանի առողջությանը, միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ