News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն: Մինչ նախարարության վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի անդամների, այնուհետեւ ղեկավար կազմի հետ խորհրդակցությունները, Նախագահը դիտել է ՊՆ սպորտային համալիրում ցուցադրական մարզումները, պաշտպանության նախարարի եւ մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ վարչական համալիրի մասնագիտացված բուժկետ, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Հանրապետության նախագահը Պաշտպանության նախարարությունում դիտել է նաեւ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների արտադրատեսակները:

Շրջայցից հետո անցկացված խորհրդակցության ընթացքում իրականացվել է տեսակոնֆերանս՝ ՀՀ ՊՆ բանակային զորամիավորումների, մի շարք զորամասերի հրամանատարների եւ մարտական դիրքերի հետ:

Պաշտպանության նախարարը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախարարի տեղակալները ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին ներկայացրել են պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները. նախարար Սեյրան Օհանյանն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ պաշտպանության ոլորտի գործունեությունը՝ հանգամանորեն անդրադառնալով հիմնական գործառութային ուղղություններով, այդ թվում՝ պաշտպանության ոլորտի շարունակական զարգացման, մարտական խնդիրների, հերթապահության, պատրաստականության եւ պատրաստության, միջազգային միջգերատեսչական, հասարակայնության հետ փոխգործակցության եւ այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերը հաջողությամբ իրականացրել է շփման գծում մարտական հերթապահությունը` դիրքերի ինժեներական կահավորման, շրջանաձեւ պաշտպանության ձեւավորման, հակադիվերսիոն եւ պատժիչ գործողությունների, խելացի պաշտպանության կազմակերպման միջոցով հակառակորդին պարտադրելով հրադադարի պահպանում` ռազմական զսպման միջոցով կառուցողական բանակցային դաշտ ապահովելու նպատակով:

Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ նախագահի նախորդ այցի ժամանակ տրված ցուցումի համաձայն` անձնակազմի վարպետության բարձրացման նպատակով արդեն էականորեն ավելացվել է ուսումնական տարվա համար հատկացվող զինատեսակների զինամթերքը: Ուսումնական գործընթացի բարելավման նպատակով ավելացել է նաեւ ուսումնամարտական տեխնիկայի քանակը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նախագահին զեկուցել է զինված ուժերի պատրաստականության բարձրացման գործում մեծ դեր խաղացած զորային կառույցի կազմակերպչական-կառուցվածքային փոփոխությունների, ղեկավարման համակարգի կատարելագործման, նյութատեխնիկական եւ բարոյահոգեբանական ապահովման ընթացակարգերի բարելավման մասին: Նա ընդգծել է, որ հատկապես առանձնակի ուշադրություն է դարձվել բանակը սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով հագեցնելու գործընթացին, որի արդյունքում ձեռք են բերվել հեռահար եւ ճշգրիտ խոցման նորագույն միջոցներ` ավելացնելով զինված ուժերի կրակային հնարավորությունները:

Նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը զեկուցել է պաշտպանական քաղաքականության, անձնակազմի կառավարման, ռազմակրթական, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի ոլորտներում իրականացված աշխատանքներն ու բարեփոխումների արդյունքները: Դ. Տոնոյանն ընդգծել է, որ պաշտպանական կարողությունների զարգացման շրջանակներում առավել նշանակալի ձեռնարկը պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացն է, որն իրականացվելու է մինչեւ 2015թ. վերջը եւ նպատակաուղղված է Հայաստանի շուրջ ձեւավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության եւ անվտանգային դինամիկ համակարգի` մինչեւ 2020թ. հեռանկարային զարգացման ապահովմանը: Փոխնախարարի հավաստմամբ, այս ուղղությամբ, ի թիվս իրականացված բազմաթիվ միջոցառումների, զգալի աշխատանքներ են կատարվել նաեւ հասարակայնության հետ կապերի ոլորտում. ակտիվ շփումներ ու փոխգործակցություն է հաստատվել եւ՛ տեղական, եւ՛ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:

Նախարարի տեղակալներից Արա Նազարյանն իր զեկույցում ներկայացրել է օրենսդրական եւ իրավապահ գործունեության բնագավառներում 2013-2014թթ. ընթացքում նախարարության կողմից իրականացված աշխատանքները: Փոխնախարարը նշել է, որ շարունակական աշխատանքների արդյունքում բարձրացել է զորամասերի հրամանատարության եւ իրավապահ մարմինների (Ռազմական ոստիկանության եւ Քննչական ծառայության) համագործակցությունը: Կոռուպցիոն ռիսկերի եւ այլ արատավոր երեւույթների դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվել են լայնածավալ օպերատիվ բնույթի միջոցառումներ եւ քննչական գործողություններ, ինչի արդյունքում կանխվել եւ բացահայտվել են մի շարք հանցագործություններ:

Նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է hաշվետու ժամանակահատվածում նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի եւ ռազմարդյունաբերական վարչության աշխատանքները` սպառազինության, ռազմական տեխնիկայի մարտունակության ապահովման, նոր եւ արդիական ռազմական տեխնիկայի ձեռքբերման, զորքերում ուսումնանյութական բազայի կատարելագործման եւ մի շարք այլ ուղղություններով:

Ներկայացված առանձին խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին եւ իր դիտարկումները ներկայացրել նախարարության գործունեության գերակա ուղղությունների ու առաջիկա անելիքների մասին: Ընդգծելով, որ առաջընթացը մեր Զինված ուժերում տեսանելի է, Նախագահը կարեւորել է այդ առաջընթացին նոր թափ հաղորդելը՝ հաշվի առնելով բոլոր այն ջանքերը, որ գործադրվում են մեր Զինված ուժերը մարտունակ պահելու եւ մեր ազգային խնդիրները լուծելու ճանապարհին:

Անդրադառնալով Պաշտպանության նախարարության համար առաջնահերթ լուծման կարիք ունեցող սոցիալական բնույթի կարեւորագույն խնդիրներին՝ Հանրապետության նախագահն ընդգծել է. «Մենք այս տարվա երկրորդ կեսից սկսելու ենք մեծ ծրագիր՝ կապված զոհված (մահացած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու հետ եւ, ամենայն հավանականությամբ, գնալու ենք այն ճանապարհով, որ ուղղակի կառուցենք բնակարանները եւ հատկացնենք»,-ասել է նախագահը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում նախագահը պատասխանել է նաեւ խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա հայտնի արձանագրությունների մասին հարցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ