News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք հայտնի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի մեջ հայկականություն շատ էինք տեսնում, որովհետեւ հայ գրողների մոտ նրա ներկայությունը շատ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝ անդրադառնալով Մարկեսի մահվան հետ կապված արձագանքներին:

Նա նախ շեշտեց, որ պետք է տարբերակել այն մարդկանց, ովքեր իսկապես սիրում են Մարկեսին, նրա գրականությանը, իսկապես հաղորդակից էին նրա գրականության խորքերին, եւ այն մարդկանց, որոնք պարզապես հերթական մեծության առիթը օգտագործում են երեւալու, ինտելեկտուալ ձեւանալու համար: «Այդ լրահոսից այնպիսի տպավորություն է ստացվում, որ մենք ահավոր կարդացած, զարգացած հասարակություն ենք, որը, ցավոք, այդպես չէ»,- ասաց գրականագետը:

Նա շեշտեց, որ հայ հասարակության համար մեծ գրականությանը առաջին հաղորդակցությունը եղել է Մարկեսի միջոցով, եւ նա այն բացառիկ գրողն է, ում շնորհիվ բոլորս հաղորդակից ենք եղել մեծ գրականությանը՝ առանց դա հասկանալու:

Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով՝ Մարկեսի տարածվածությունը եւ սիրվածությունը հայ հասարակության մոտ պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախ, նա առանձնացրեց Մարկեսի ոճը, նրա ներաշխարհի հարազատությունը, երկրում կատարվող իրադարձություններին անդրադարձը, մոգական ռեալիզմի հմայքը: «Մյուս կողմից  նրա մտածողությունը շատ աֆորիստիկ է եւ մարդու ներաշխարհի, ապրումների վրա միշտ մատը պահող, ինչը կարծում եմ՝ շատ թանկ է եւ տարբեր իրավիճակներում՝ լինի հարազատի կորուստ, երեխայի ծնունդ, Մարկեսի գրականությունը տալիս էր իրեն մեջբերելու, իրենով հաղորդակից լինելու հնարավորություն հայ ընթերցողի համար»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:

Նա շեշտեց նաեւ, որ Մարկեսը շատ ընթերցված է հայ հասարակության շրջանում, պատճառներից մեկն էլ այն է, որ նրա գրականությունը այնպիսի բարդ ոճով չէ, ինչպես Ջեյմ Ջոյսինը կամ Ուիլյամ Ֆոլքներինը:

«Պարզ, դիալոգի մեջ մտնող հարազատ գրականություն էր, Մարկեսի եւ հայ մարդու հարազատությունը կապված է նաեւ նրա «Հարյուր տարվա մենությունը» վեպի հրատարակումից  հայ գրականության վրա ունեցած մեծ ազդեցությամբ, ինչը տեսանելի է Հրանտ Մաթեւոսյանի, Լեւոն Խեչոյանի եւ մեր մյուս գրողների ստեղծագործություններում: Մեր լավագույն գրողները, ստեղծելով կապը, առանձնացրել էին նրան, մենք նրա մեջ հայկականություն շատ էինք տեսնում, որովհետեւ հայ գրողների մոտ նրա ներկայությունը շատ էր»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը:

Հիշեցնենք, որ Մեքսիկայում, 87 տարեկան հասակում վախճանվել է հռչակավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով գրողի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները:

Մոտ մեկ ժամ առաջ գրողի եւ նրա կյանքի մասին ծավալուն հոդված էր հրապարակել իսպանական El Pais-ը. «Մարկեսը ծնվել է 1927թ. կոլումբիական Արակատակա գյուղում, եւ հետագայում հաճախ էր վերադառնում իր մանկություն: Գրականության մեջ հայտնվեց 1947թ. «Երրորդ խոնարհություն» պատմվածքով: 1967թ. նա հռչակավոր դարձավ «Հարյուր տարվա մենություն» վեպի լույս ընծայումից հետո: Հաջողությունն ամրագրվեց 1982թ., Նոբելյան մրցանակով»:

Նշենք, որ օրերս գրողին «թոքաբորբ» ախտորոշմամբ տեղափոխել էին հիվանդանոց, սակայն մի քանի օր անց դուրս էին գրել:

Մարկեսն ամենահայտնի իսպանալեզու գրողն էր համարվում:

Տպել
Ամենաշատ