News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայտնի է Հայաստանի ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանի զորակոչվելուց մեկ շաբաթ անց մահանալու պատճառը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդիկ Շահնազարյանի իրավահաջորդ, նրա հորեղբայր Շիրակ Շահնազարյանը:

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ զինծառայողի մահվան պատճառը մենինգիտի սուր վիրուսն է, որը զարգացել է կայծակնային արագությամբ: «Եզրակացությունները ստացել ենք, ծանոթացել եմ, պարզվում է, որ մենինգիտի վիրուսից բարդություն է առաջացել»,- ասաց Շիրակ Շահնազարյանը: Նա նշեց, որ այժմ նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որը կտա մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես՝ երբ է այդ վիրուսով վարակվել, որտեղ, ում մեղքով եւ ում անփութության պատճառով: Այս փորձաքննության եզրակացությունից հետո, հորեղբոր խոսքով, պարզ կլինի պատճառահետեւանքային կապը եւ նա վստահ է, որ կլինեն մեղադրյալներ: Շիրակ Շահնազարյանը կարծիք հայտնեց, որ գործի շրջանակներում մեղադրանք կառաջադրվի բուժկետի պետին, որը հեռացվել է աշխատանքից: Դեռ հայտնի չէ՝ երբ կլինի այս փորձաքննության եզրակացությունը եւ գործը երբ կհանգուցալուծվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 20-ին, ժամը  08:00-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Մահվան փաստով նշանակված ծառայողական քննությամբ նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալին, խիստ նկատողություն՝ զորամասի շտաբի պետին, հրամանատարի սոցիալ-իրավական գծով օգնականին, գումարտակի հրամանատարին։ Բուժծառայության պետի պաշտոնն իջեցվել է, իսկ զորամասին բուժկետի պետը ազատվել է պաշտոնից։

Տպել
Ամենաշատ