News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Պահեստազորի գնդապետ, 2013թ. սեպտեմբերի 20-ից անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանի գործով վկա Հենրիկ Հարոյանը, որի պապիկը` Հենրիկ Զաքարյանը, թոռանը բանակից ազատելու համար, ըստ մեղադրական եզրակացության, 2000 ԱՄՆ դոլար է տվել Վոլոդյա Ավետիսյանին, այսօր` ապրիլի 18-ին, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ ճանաչում է Վոլոդյա Ավետիսյանին, սակայն չի հիշում որտեղից։

«Այո, ճանաչում եմ, բայց չեմ հիշում՝ որտեղից, որտեղ եմ տեսել, երբ եմ տեսել»,- ասաց Հենրիկ Հարոյանը։

Մինչեւ այդ ցումունք տվեց Հենրիկի տատիկը, որն այդպես էլ մինչեւ վերջ չկողմնորոշվեց՝ ինչ պատասխանել՝ թոռանը ծառայությունից ազատելու համար են Վոլոդյա Ավետիսյանին 2000 դոլար տվել, թե «մոտիկ տեղ գցելու»։

Նշենք, որ ամեն դեպքում Հենրիկ Հարոյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատել են, սակայն թե ինչ հիմնավորմամբ, ոչ Հենրիկը, ոչ նրա տատիկն այդպես էլ չասացին։ Ինչ վերաբերում է Հենրիկի Հարոյանի պապիկին՝ հենրիկ Զաքարյանին, որն իր նախաքննական ցուցմունքում նշել է, թե 2000 ԱՄն դոլար է տվել Վոլոդյա Ավետիսյանին իր թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու համար, ապա նա ընդհանրապես դատարան չէր ներկայացել։ Ընդ որում, նրա կինը սկզբում հայտարարեց, որ ամուսինը առողջական լուրջ խնդիրներ ունի, գտնվում է Ռուսաստանում եւ չի կարող ներկայանալ դատարան, ավելի ուշ ասաց, որ ամուսինը գումար չունի Հայաստան գալու համար։

Տիկին Զաքարյանը պատմեց, որ իրենք չեն բողոքել, իրենց տուն են եկել անծանոթներ, ներկայացել են որպես Պաշտպանության նախարարության աշխատակիցներ եւ ասել, որ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը նրա ամուսնուն եւ թոռանը հրավիրում է Երեւան։ Ում են հանդիպել եւ ինչի մասին են խոսել երեկոյան ժամը 21։00-ին Գյումրիից Երեւան մեկնած պապն ու թոռը, տիին Զաքարյանը ասաց, որ չգիտի, իրեն ոչինչ չեն ասել։  

Մեղադրող Պապիկյանը միջնորդեց, որ հրապարակվի Հենրիկ Հարոյանի նախաքննական ցուցմունքը, սակայն դատարանը մերժեց ՝ հայտնելով, որ, ըստ Քրեական օրենսգքրի, նախաքննական ցուցմունքի եւ դատարանում տված վկայության միջեւ կան էական հակասություններ, սակայն, այս դեպքում վկան միայն ասաց, որ ոչինչ չի հիշում։

Դատավոր Ավետիսյանը կրկին հորդորեց վկային փորձել հիշել դեպքի մանրամասները, սակայն վերջինս պնդում էր, որ ոչինչ չի հիշում։ Մեղադրողի դիտարկմանը, թե՝ «Դուք նախաքննական ցումունք եք տվել դեպքի մասին», վկան ասաց, որ չի հիշում։ Մեղադրողի ճշտող հարցին՝ «այսինքն, ցումունք չեք տվել», նա պատասխանեց. «Ոչ»։

Մեղադրողը կրկին միջնորդություն ներկայացրեց հրապարակել նախաքննական ցուցմունքը, որը դատարանը բավարարեց։ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը խնդրեց ժամանակ տրամադրել իրեն, որպեսզի ինքը պատրաստվի դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, որովհետեւ, իր կարծիքով, դատավորը անաչառ չէ։ Դատավորը, այնուամենայնիվ, շարունակեց նիստը՝ ասելով, որ որոշումը կայացրած է, եւ հիմա ինքը կկարդա Հենրիկ Հարոյանի նախքաննական ցուցմունքը։ Այդ պահին Արա Զաքարյանը կանգնեց ու հայտարարեց, որ ինքը ստիպված է լքել նիստերի դահլիճը։ Դահլիճում հավաքված ազատամարտիկմները նույնպես ոտքի կանգնեցին ու սկսեցին բղավել. «Բեսպրեդել ա»։

Դատավորն արագ հեռացավ, իսկ դատական կարգադրիչները հրելով ազատամարտիկներին հեռացրին դահլիճից։ Վոլոդյա Ավետիսյանը սկզբում լուռ հետեւում էր, հետո ձեռքը բռունցք արաց վերեւ պարզեց կարգադրիչների ուղեկցությամբ դահլիճից դուրս եկավ։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 5-ին։ 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: Նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ