News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախբանկը ձգձգում է «Տոնուս» ՍՊԸ-ի գործունեությունից տուժած քաղաքացիների հետ հանդիպումը եւ ժամանակ է շահում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակարանատեր Զոյա Պետրոսյանը:

«Ապրիլի 10-ին պիտի հանդիպում տեղի ունենար, բայց հիմա էլ ասում են մինչեւ ամսվա վերջ համբերեք: Անհույս չենք ապրում, քանի որ ինչ որ մի բանի հույս պիտի ունենանք, որ էս գործը վերջացնենք: Մենք էլ հանգստանանք, երկիրն էլ»,-ասաց Տիկին Զոյան:

Մեր դիտարկմանը, թե ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սկսել է հանդիպել բնակարանային խնդիրներ ունեցող մարդկանց հետ, Զոյա Պետրոսյանը նշեց. «Եթե Հովիկ Աբրահամյանը մեզ հետ հանդիպի, մեծ մարդասիրություն կլինի երկրի եւ ժողովրդի հանդեպ, որ հարգեն, լսեն մարդկանց ցավը, որ մարդիկ անհավատ չապրեն, էսօր բոլորի հույսը Քրիստոսն է»:

Հիշեցնենք, որ «Տոնուս» ՍՊԸ-ի գործունեությունից տուժած քաղաքացիները, որոնց մարտի 12-ին նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը խոստացել էր պատասխանել 10 օրվա ընթացքում, դեռ պատասխան չեն ստացել:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Բնակարանատերերի խոսքով՝ Տոնոյանն այժմ Վրաստանում զբաղվում է բիզնեսով։ Նրանք չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։

Տպել
Ամենաշատ