News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հովիկ Աբրահամյանի առաջարկած՝  մինչեւ ԱԺ կողմից ՍԴ 2014թ. ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը տույժերի հաշվարկը կասեցնելու մասին օրինագծի էությունն այն է, որ չստեղծվի անհավասար մի իրավիճակ, երբ քաղաքացիների մի մասից պահումներ են արվել, մյուսներից՝ ոչ։ NEWS.am-ի թղթակցին այս մասին ասել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա հիշեցրել է, թե ՍԴ որոշումը ենթադրում է, որ  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի գործող որոշ դրույթներ հակասահմանադրական են, եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը դրանք կփոփոխվեն՝ հարմարեցվելով Սահմանադրությանը։  «Այս ժամկետը պայմանավորված է  իրավական անվտանգության անհրաժեշտության պահպանմամբ։

Սա նշանակում է, որ եթե գործում է օրենքի կամ նորմատիվ ակտերի ինչ-որ համակարգ եւ այն դադարեցվում է, գործող իրավական գործընթացներում խառնաշփոթ է ծագում եւ ստեղծվում են որոշակի անհավասար պայմաններ հարկատուների համար», - ասել է Միքայել Մելքումյանը։

Իսկ ընդհանուր առմամբ, ԲՀԿ-ն պնդում է իր այն կարծիքը, որ օրենքի նշված դրույթները պետք է չեղարկվեն։ Ներկայումս, ըստ Միքայել Մելքումյանի, կառավարությունը կգնա միջանկյալ ճանապարհով, կփորձի մեղմել իրավիճակը, սակայն եթե օրենքի բովանդակությունը մնա նույնը, դա ոչ մի մեղմացման չի հանգեցնի։

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շահագրգիռ պետական մարմիններին հանձնարարել է սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով մինչեւ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ