News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետությունը մարդկանց պարտադրում է գերեզմանոց գնալ, որի մեջ իրականում տրամաբանություն չկա: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը դեմ է, որ տաղավար տոներին հաջորդող օրը պետականորեն Մեռելոց է համարվում:

«Սա մի հիմարություն է, որը ոչ հավատն է բարձրացնում, ոչ բարոյականությունն է փոխում: Մարդիկ շարունակում են գերեզմանոց գնալ: Մարդ կա՝ երկուշաբթի է գնում, մարդ կա հենց տոնի օրն է գնում: Մարդկանց պարզապես հարկադրում են այցելել գերեզմանոց, սակայն իրականում մարդիկ իրենց մահացած հարազատների շիրիմներին այցելելու համար պետության հովանավորության կարիքը չունեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետը:

Հրանուշ Խառատյանը համոզված է, որ ՀՀ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կայացրած որոշումը՝ տարվա ընթացքում 5 անգամ Մեռելոց նշանակելու վերաբերյալ, հակասում է Սահմանադրությանը. «Սա նաեւ հակասահմանադրական է, քանի որ պետությունը՝ աշխարհիկ երկիրը, իրավունք չունեն խառնվել եկեղեցու գործերին: Հիմարություն է, իմաստը չեմ հասկանում, ասենք թե Տիգրան Սարգսյանը Նավասարդ Կճոյանի հետ ախպերություն է անում, դրանից ի՞նչ է բխում, որ կարող ենք մենք մեր սեփական կյանքը կարգավորել Նավասարդ Կճոյանի պրիզմայո՞վ»:

Այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից ազգագրագետը կարծում է, որ եկեղեցական այդքան շատ տոներից հասարակությունն ընդամենը 3-4-ն է նշում:

«Եկեղեցին ազդում է մեր իշխանությունների կայացրած որոշումների վրա, դա արդեն գաղտնիք չէ: Մենք եկեղեցական տոնացույցով ունենք 21 տոն, որոնցից երեք-չորսն են դառնում իսկական տոն ժողովրդի համար, շատ դեպքերում էլ միայն օրերը գիտեն, բայց անուններն էլ չգիտեն: Տարվա մեջ 5 օր մեռելոց կատաստրոֆա է իրականում»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ 2008 թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ