News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը հեշտացնող նոր օրենքից կցանկանան օգտվել շատ հայաստանցի աշխատանքային միգրանտներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նրա կարծիքով՝ շատ աշխատանքային միգրանտներ, որոնք փաստացի ապրում են Ռուսաստանում, կցանկանան օրինականացնել իրենց այնտեղ գտնվելը:

Ինչ վերաբերում է ռուսերենի իմացության պահանջին, ազգագրագետը նշել է, որ օրենքում հստակ նշված չեն  լեզվի իմացության պարտադիր չափանիշները: «Նայած ում պետք է նկատի ունենալ լեզվակիր ասելով: Լեզվի քննությունը կարող են այնքան ազատական սահմանել, որ այն հնարավորություն ունենան հանձնել շատերը»,-ասել է նա:

Հրանուշ Խառատյանի խոսքով՝ իհարկե, օրենքի նպատակը Ռուսաստանի սահմաններից դուրս ապրողներին երկիր գրավելն է, բայց ամենայն հավանականությամբ, Մոսկվան դեմ չի լինի, եթե ՌԴ քաղաքացիների շարքերը համալրեն նաեւ որոշակի կրթական մակարդակ ունեցող ոչ ռուսները:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական քաղաքացիության տրամադրումը հեշտացնելու մասին օրենք է ստորագրել: Օրենքը վերաբերում է այն անձանց, ովքեր ազատ տիրապետում են ռուսերենին եւ ապրում են ԽՍՀՄ տարածքում կամ Ռուսական կայսրությունում` ժամանակակից ՌԴ-ի սահմանների շրջանակում:

Արտասահմանի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը պետք է հարցազրույց անցնի հատուկ հանձնաժողովում: Դրա համար նա պետք է տիրապետի ռուսերենին եւ այն գործածի առօրյա կյանքում եւ մշակութային միջավայրում:

Հարցազրույց կարող են անցնել նաեւ այն մարդիկ, որոնց անմիջական հարազատները (ծնողներ, տատիկ-պապիկներ եւ այլն) ապրում կամ նախկինում ապրել են ԽՍՀՄ կամ Ռուսական կայսրության տարածքում` ժամանակակից Ռուսաստանի պետական սահմանների շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ