News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սնանկացման եզրին գտնվող Փայլակ Հայրապետյանը պայքարելու է, որ օֆշորային սկանդալի մեջ գտնվող, արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը բանտ նստեն: Այս մասին NEWS.am-ին ասաց Փայլակ Հայրապետյանը:

«Այս ամեն ինչի գլխին կանգնած է Տիգրան Սարգսյանը: Չարիք, որ եկավ Հայաստանի գլխին: Նա պիտի հավաքարար լիներ, ոչ թե վարչապետ: Այդ գումարները տարել են օֆշոր, հետ բերել ու Հայաստանում 7,5 մլն դոլարի ոսկի գնել: Ում են տվել, ինչ են արել, ոչ մեկը չգիտի: Առանց «դակումենտի» Տիգրան Սարգսյանը 10 մլն 700 հազար է ուղարկել Աֆրիկա, իսկ ռիսկային գոտի համարվող երկիր գումար ուղարկելու համար Ազգային անվտանգության ծառայության, Ֆինանսների նախարարի, նույնիսկ երկրի նախագահի իմանալն է պարտադիր: Պայքարելու եմ մինչեւ վերջ: Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը պիտի բանտ նստեն»,- ասաց նա:

78-ամյա գործարարի խոսքով՝ իրեն այս պահին բացի արդարությունից ոչինչ պետք չէ. «Ինձ պետք չի, բայց նա պետք է նստի բերդ, Աշոտը պիտի նստի, Կճոյանը պիտի նստի»:

Փայլակ Հայրապետյանը սպասում է, թե երբ են արտահանձնելու Աշոտ Սուքիասյանին, որպեսզի վերջինս պատմի, թե ում է տվել այդ գումարները: Այնուամենայնիվ, սնանկացման եզրին գտնվող գործարարը չգիտի՝ Սուքիասյանն իրական մեղավորների անուններ կտա, թե ոչ:

Նշենք, որ օֆշորային սկանդալում ներգրաված գործարար Աշոտ Սուքիասյանին փետրվարին հայտնաբերել են Թբիլիսում: Առաջիկայում նա կարտահանձնվի Հայաստան: Ավելի վաղ գործարարը նամակ էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ պատճենը՝ «Հետքին», որտեղ գրել էր. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»: Մինչեւ այդ «Հետքը» գրել էր, թե օֆշորային այդ կազմակերպության բաժնետերեր են Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը:

Հիշեցնենք, որ դեռ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել է գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել է երկրից:

Տպել
Ամենաշատ