News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ Յեղափոխական դաշնակցության՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին դեմ արտահայտվելը քաղաքական հնարք է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ «վաղեմի բարեկամներ» Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն տարբեր կարծիքներ ունեն Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:

«Բացառում եմ, որ Դաշնակցությունն ու Ռոբերտ Քոչարյանը կարող է խզեն իրենց մտերմությունը, բացառում եմ ընդհանրապես: Կարծում եմ, որ սա քաղաքական հնարք է: Բացառում եմ, որ երբեւիցե Դաշնակցությունը կընդդիմանա Քոչարյանին, կամ բարեկամական հարաբերությունները կփչանան»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին ՀՅԴ-ն իր կապերը չի խզի Հայաստանի երկրորդ նախագահի հետ, քանի որ «Քոչարյանն ահագին բան է արել նրանց համար»:

ՀՅԴ-ի վարած քաղաքականությունից այսօր Սոս Գիմիշյանին առավել հետաքրքրում է, թե ինչու է կուսակցությունը հիմա խոսում համակարգային փոփոխությունների մասին, երբ տարիներ առաջ Քոչարյանի հետ լինելով իշխանություն՝ կարող էր լուրջ փոփոխություններ կատարել Սահմանադրությունում:

«Նույն Դաշնակցությունը այդ ժամանակ պաշտպանում էր Քոչարյանի բարեփոխումները, նույնիսկ կեղծված հանրաքվեին այդ ժամանակ կոալիցիա կազմած ուժերը լծված էին դրան, որ Քոչարյանի առաջարկած սահմանադրական բարեփոխումներն անցնեն»:

Նշենք, որ ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնել էր, որ ՀՅԴ-ն ամբողջությամբ կողմ է խորհրդարանական համակարգին եւ դեմ է սահմանադրական փոփոխությունները հետաձգելու առաջարկություններին:

«Առկա կիսանախագահական համակարգը չի նպաստում արդյունավետ կառավարում իրականացնելուն: Այս համակարգը մեծամասնությանը հնարավորություն է տալիս որոշել ամեն ինչ եւ թելադրել: Երբ ասում ենք, որ խորհրդարանական համակարգի պետք է անցնել, մենք խրվելու ենք դրա մեջ մասնագիտական առումով, որը ամենաարդյունավետ համակարգն է մեր կարծիքով:  Եթե որեւէ ուժ գնա այլ տարբերակով, մեր մոտեցումները տարբեր կլինեն»,- ասել էր նա:

Տպել
Ամենաշատ