News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրականում ուղղված էր նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին NEWS.am-ին ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

«Այս հարցազրույցում ես տեսնում եմ, որ Քոչարյանը նախ եւ առաջ փաստացի դրական է գնահատել Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու հանգամանքը եւ կարծես թե ուզում է ցույց տալ, որ նա չի պատրաստվում հեռանալ քաղաքական դաշտից եւ անուղղակիորեն շարունակելու է մասնակցել քաղաքական պրոցեսներին եւ ընդդիմախոսելու է Սերժ Սարգսյանին եւ դաշնակից է տեսնում Հովիկ Աբրահամյանին»,- ասաց նա:

Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ նույնիսկ Հովիկ Աբրահամյանի պատասխանի մեջ բացասական ոչինչ չկա. «Հովիկ Աբրահամյանի պատասխանում էլ չտեսա կտրուկ բացասական վերաբերմունք Քոչարյանի հայտարարություններին, իսկ իրականում եթե ամբողջ կոնտեքստը դիտարկենք, որը պարունակում էր Քոչարյանի կողմից Սերժ Սարգսյանին կտրուկ բացասական վերաբերմունքը, Հովիկ Աբրահամյանը մեղմ կերպով է մեկնաբանել այդ հայտարարությունը: Այստեղից հետեւություն պետք է անել, որ նորանշանակ վարչապետը պրոբլեմներ չունի Քոչարյանի հետ եւ դա նշանակում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միանգամից չի պահանջի նոր ձեւավորվող կառավարության եւ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը»:

Էդգար Վարդանյանը չի բացառում նաեւ, որ հնարավոր է սա պարզապես քաղաքական խաղ լինի:

«Այս ամենը կարող է լինել որոշակի խաղ, որ իրականում լուրջ խնդիրներ չկան եւ դա արվում է այն նպատակով, որ ստեղծվի իշխանության տարբեր խմբերի միջեւ պայքարի հակամարտության տպավորություն հասարակության ներսում, եւ այդ ամենով ասենք թե ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ինչ-որ մի մասի վերահսկողության տակ պահել եւ դրանով իսկ չեզոքացնել իրական ընդդիմադիր ճնշման հնարավորությունը: Սա էլ է հնարավոր, որ ուղղակի խաղ է, սակայն չի բացառվում, որ իրական հակասություններ կլինեն»,- եզրափակեց վերլուծաբանը:

Նշենք, որ 2rd.am-ին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր նոր վարչապետին, մասնավորապես ասելով. «Իմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար եւ փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում»: Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրեն զարմացրել է Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության բացակայության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները:

Տպել
Ամենաշատ