News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղերձ է հղել:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում է ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս առումով հայության կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը, ով գլուխ է խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջեւ, հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը` անել հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության` ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

1890 -1923թթ.-ին Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման եւ հայրենազրկման ծրագիր: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտի եւ երբեք չի մոռանա յուրաքանչյուր հայ, հայի յուրաքանչյուր սերունդ` աշխարհի որ անկյունում էլ լինի եւ որքան էլ ժամանակ անցնի:

Հակառակ Օսմանյան կայսրության եւ թուրքական նոր իշխանությունների երկար տարիների հրեշավոր ծրագրերի, հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը: Մեր դարավոր մշակույթի տեր ժողովուրդը մաքառեց եւ 20-րդ դարն ամփոփեց պատմական հայրենիքի մի հատվածի վրա անկախ պետականության հաստատմամբ: Թուրք - ադրբեջանական հակահայ ընդհանուր ծրագրից, եռամիասնության` Հայաստանի-Արցախի եւ Սփյուռքի ընդհանուր ջանքերի շնորհիվ ազատագրվեց Արցախը, եւ որպես անկախ պետություն Մայր Հայաստանի հետ, ձերբազատվելով Ցեղասպանության բարդույթից` հպարտորեն քայլում է 21-րդ դարի ընթացքի հետ:

Այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին մեր առջեւ էլ ավելի են բացվել պատմական ճշմարտության վերականգնման հորիզոնները եւ անմեղ զոհերի հիշատակը, թափված արյունն ու կորցված հայրենիքը մեզ միասնության են կոչում:

Ցեղասպանության զոհերի հիշատակն ու կորցրած հայրենիքի ցավը մեզանից պահանջում է լինել զգոն, ուժեղ եւ հզոր: Հայոց պետականության հզորացումը միլիոնավոր զոհերի պահանջն է ու ցեղասպանության պատասխանը:

Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի ու անկախացած Արցախի համար մարտնչած հայորդիների նոր սերունդն է արդեն հպարտորեն քայլում` հավաստիացնելով, որ պահպանելու է ձեռքբերումները եւ շարունակելու է պահանջատիրական իր պայքարը: Պայքար, որի դրոշը` հավատն է սեփական ուժերի հանդեպ եւ որի ուժը` համայն հայության միասնությունն է:

Համայն հայության ներուժը միավորելով, միասնությամբ մենք կհասնենք մեր համազգային բոլոր խնդիրների լուծմանը:

Միասնությամբ մենք կպաշտպանենք աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հային:

Ուրեմն, միասնությամբ ոգեկոչենք ցեղասպանության զոհերի հիշատակն ու հզորացնենք մեր երկիրը` համայն հայության հայրենիքը, հանուն պատմական ճշմարտության վերականգնման, հանուն Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման, հանուն տարածքային փոխհատուցման եւ հայրենիքի` պատմական Հայաստանի վերամիավորման»:

Տպել
Ամենաշատ