News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրվա առթիվ, այսօր՝ ապրիլի 23-ին ուղերձ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ–ի (ՄԱԿԳՄԿ) գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Ուղերձում ասվում է.

«Գրավոր խոսքի պատմությունը մարդկության պատմությունն է: Գրքերի ուժն անգերազանցելի է ինքնաարտահայտման հնարավորությունների մեծացման եւ հասարակական փոփոխությունների առաջացման հարցում: Լինելով մեծապես անձնական, բայց, միեւնույն ժամանակ, խորապես հասարակական երեւույթ` գրքերը անհատների միջեւ, համայնքներում եւ ժամանակի միջով երկխոսության լայնընդգրկուն հնարավորություններ են ապահովում:

Ինչպես ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ նշեց պակիստանցի դպրոցական աղջիկը` Մալալա Յուսաֆզային, ով դպրոց հաճախելու համար հրազենից վիրավորվել էր թալիբների կողմից՝ «եկեք վերցնենք մեր գրքերն ու գրիչները. դրանք մեր ամենահզոր զենքերն են»:

Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրավիրում է բոլոր կանանց եւ տղամարդկանց, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր գրում եւ հրատարակում են գրքեր, միավորվել գրքերի շուրջը: Սա այն օրն է, երբ պետք է մեծարենք գրքերը՝ իբրեւ մարդկության ստեղծարարության եւ գաղափարներ ու գիտելիք փոխանցելու, փոխըմբռնում ու հանդուրժողականություն սերմանելու ձգտման մարմնացում:

Գրքերն ապահովագրված չեն աշխարհում կատարվող փոփոխություններից, որոնք դրսեւորվում են թվային ձեւաչափերի ստեղծման եւ գիտելիքի ազատ փոխանցմանն անցման միջոցով: Սա նշանակում է անորոշության մեծացում, բայց նաեւ նոր հնարավորություն, այդ թվում նաեւ՝ հրատարակչության աշխարհում նորարարական գործարար մոդելների ներդրման համար: Փոփոխությունը սուր հարցեր է բարձրացնում թվային այս դարաշրջանում գրքի սահմանման եւ հեղինակային իրավունքի նշանակության վերաբերյալ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրքերի թվայնացման եւ հեղինակային իրավունքների վերաբերյալ նոր քննարկումներում առաջատար դիրք է գրավում:

Պայքարելով հեղինակային իրավունքների եւ ազատ հասանելիության համար` ՅՈՒՆԵՍԿՕ-ն հանդես է գալիս ստեղծարարության, բազմազանության եւ գիտելիքի հավասար հասանելիության պաշտպանության դիրքերից: Մեր գործուներությունը համընդգրկուն է` սկսած «Գրականության ստեղծարար քաղաքներ» ցանցից մինչեւ գրագիտության ու շարժական սարքավորումների օգնությամբ ուսուցման խթանում եւ գիտական գիտելիքից ու կրթական ռեսուրսներից ազատորեն օգտվելու հնարավորության ընդլայնում: Օրինակ` համագործակցելով «Nokia» եւ «Worldreader» ընկերությունների հետ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է շարժական տեխնոլոգիաները կիրառել ի աջակցություն գրագիտության զարգացման: Այս նպատակով ապրիլի 23-ին մենք կթողարկենք երկու նոր հրատարակություն` «Ընթերցանությունը շարժական տեխնոլոգիաների դարաշրջանում եւ «Ընթերցանություն առանց գրքերի»:

Նմանապես, Նիգերիայի Պորտ Հարկորտ քաղաքը հռչակվել է 2014 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ հաշվի առնելով ներկայացված ծրագրի որակը, մասնավորապես՝ երիտասարդներին ուշադրության առանցքում պահելը եւ այն ազդեցությունը, որ այն կունենա գրագիտության մակարդակը բարձրացնելու նպատակով Նիգերիայում գրքերի, ընթերցանության, գրելու եւ հրատարակության մշակույթի բարելավման վրա: Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրը մեկնարկող այս նախաձեռնությանն աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի, Գրքավաճառների միջազգային ֆեդերացիայի ու Գրադարանային ասոցիացիաների եւ հաստատությունների միջազգային ֆեդերացիայի հետ մեկտեղ:

Այս ամենով հանդերձ, մեր նպատակը հստակ է` խրախուսել հեղինակներին ու մշակույթի գործիչներին եւ ապահովել, որ ավելի շատ կանայք ու տղամարդիկ օգտվեն գրագիտությունից եւ մատչելի ձեւաչափերից, քանի որ գրքերը աղքատության հաղթահարման ու խաղաղության կառուցման մեր ամենահզոր զենքն են»:

Տպել
Ամենաշատ