News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵՊՀ-ում, ապրիլի 12-ին,  տեղի ունեցավ «Եթե լռենք, քարերը կաղաղակեն» գրքի շնորհանդեսը, որում զետեղված են Եղեռնը վերապրած Հրաչյա Գեւորգյանի հուշերը:

Գրքի հրատարակությունն իրականացվել է Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ: Երեք տարի առաջ նրա ձեռքերում են հայտնվել գրքի անտիպ էջերը, որոնք այսօր արդեն վեպ-հուշագրության տեսքով ընթերցողների ձեռքերին են:

Գիրքը պատմում է Վանի նահանգի բնակչության տեղահանության ու կոտորածների մասին: Հեղինակն իր կյանքի պատմությունը ներկայացնում է իրական պատմական իրադարձությունների կիզակետում: Փաստագրական հարուստ նյութի հիման վրա հեղինակը նկարագում է ոչ միայն իր ծննդավայրի, այլեւ հարեւան գյուղերի բնակչության դաժան կյանքը 20-րդ դարասկզբին թուրք եւ քուրդ ավազակների տիրապետության տակ: «Կարծում եմ՝ պատմական հիշողությունը շատ կարեւոր է ազգային ինքնությունը պահպանելու առումով: Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ՝ սա մեծ նվեր է հայ ժողովրդին»,- նշեց Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը:

Տիկին Բաղդասարյանը ներկայացրեց հեղինակի կենսագրությունը, խոսեց գրքի առանձնահատկությունների մասին. «Դրանում օգտագործված են եւ՛ գրական, եւ՛ խոսակցական ոճերը, շատ են նաեւ քրդերեն ու թուրքերեն բառերը: Խմբագրելիս աշխատել ենք չհեռանալ հեղինակից: Եղեռնին հաջորդած հասարակական-քաղաքական կյանքը եւս տեղ են գտել գրքում»:

Գրքի ծավալուն առաջաբանը գրել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Խմբագրական աշխատանքները կատարել են Հասմիկ Բաղդասարյանն ու լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը, իսկ պատմաբան Գեղամ Բադալյանը կազմել է գրքում առկա տեղանունների բառարան ու դրանց քարտեզները: «Գրքում կան փաստեր, որոնց մասին մենք՝ պատմաբաններս, գիտեինք միայն պատմական աղբյուրներից: Նորդուզի գավառակի Դիմ գյուղում ապրող ցանկացած թուրք կամ քուրդ, ծանոթանալով այս աշխատությանը, վայրկյան անգամ չի կասկածի, որ այն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, որովհետեւ 12 տարեկան պատանու պատանեկան հիշողությունների վերարտադրությունն է»,- գրքի պատմական արժեքի մասին է խոսում Աշոտ Մելքոնյանը:

Չարենցի անվան դահլիճում կազմակերպված շնորհանդեսին մասնակցում էին ԵՊՀ պատմության, հայ բանասիրության եւ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների, ՀՀ ԳԱԱ-ի ներկայացուցիչներ, անվանի պատմաբաններ եւ ուրիշներ: «Գիրքը կարելի է գիտական ուսումնասիրություն համարել, այն սկզբնաղբյուրի նշանակություն ունեցող գիրք է: Եվ ամենակարեւոր արժեքներից մեկն էլ այն է, որ պահանջատիրություն է, այլ ոչ թե պարզապես գեղարվեստական ստեղծագործություն»,- ասում է Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով մեջբերեց գրքի բազմաթիվ դրվագներ ու որպես պատմաբան՝ տվեց դրանց մեկնաբանությունը: 

Ի դեպ, Հրաչյա Գեւորգյանը ծնվել է 1902 թ-ին Վանի գավառի Նորդուզ գավառակի Դիմ գյուղում: Կոտորածից փրկվելով՝ հասել է Էջմիածին, այնուհետեւ տեղափոխվել Երեւան: Մանուկ հասակում տեսածն ու զգացածը տարիներ անց նա փոխանցել է թղթին, ինչն էլ նրա թոռները որոշել են վերածել գրքի: Ինքը՝ հեղինակը, մահացել է 1987 թ-ին:

Տպել
Ամենաշատ