News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Քանի դեռ Թուրքիան չի ապաշխարել եւ չի քավել իր մեղքը, պատմության այդ էջը չի կարող փակվել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ տեղի ունեցած ամենազարհուրելի ոճրագործություններից է, որն  աղետալի հետեւանքներ ունեցավ հայ ժողովրդի համար: Զանգվածային կոտորածներին զոհ գնացին 1,5 միլիոն հայ,  հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, հայ ժողովուրդը հայրենազրկվեց:

Օսմանյան Թուրքիան կազմակերպեց եւ իրականացրեց այդ ոճրագործությունը` նպատակ ունենալով բնաջնջել հայությանը:

Կատարվածը ոչ միայն հայության, այլեւ մարդկության դեմ գործած հանցագործություն է: Այն վաղեմության ժամկետ չունի, երբեւէ պետք է դատապարտվի, եւ հայ ժողովուրդն արդար հատուցում ստանա:

Հայոց ցեղասպանությունն անհերքելի պատմական իրողություն է, որը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի ավելի քան քսան պետություն եւ միջազգային կազմակերպություն: Մինչդեռ Թուրքիան չի ցանկանում ընդունել ճշմարտությունը: Շարունակելով ժխտողական քաղաքականությունը` նա դառնում է անցյալի ոճրագործության մեղսակիցը:

Մենք զորակցում ենք հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջ տանելուն նպատակաուղղված բոլոր քայլերին, քանզի դրանք ծառայում են պատմական արդարության վերականգնմանը եւ նոր ոճրագործությունների կանխմանը:

Մենք մերժում ենք այդ հարցում դրսեւորվող շահախնդիր մոտեցումներն ու խուսանավումները եւ կոչ ենք անում աշխարհի առաջատար պետություններին ջանքեր գործադրել հայ ժողովրդի արդար իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար:

Հայ ժողովուրդն իր լինելիությամբ հաղթել է ցեղասպանության դաժան արհավիրքին: Սակայն, քանի դեռ Թուրքիան չի ապաշխարել եւ չի քավել իր մեղքը, պատմության այդ էջը չի կարող փակվել:

Պահանջում ենք ճանաչում եւ հատուցում»:

Տպել
Ամենաշատ