News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձում կարմիր թելի պես անցնում են նրա «պատերնալիստական»  եւ քամահրական վերաբերմունքը հայ ժողովրդի մեծ ողբերգության նկատմամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի ուղերձը:

«Եթե համակվենք ընդգծված լավատեսությամբ ու կենտրոնանք միայն ուղերձի նախավերջին պարբերության վրա, ապա, առաջին անգամ Էրդողանը ցավակցում է 20-րդ դարի սկզբում կյանքը կորցրած հայերի թոռներին եւ մաղթում, որ զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն: Այս 2 մտքերը նրա կողմից դժվարությամբ արտաբերված ձեւակերպումներից թերեւս ամենակարեւորն են: Իսկ ամբողջ տեքստում կարմիր թելի պես անցնում են նրա «պատերնալիստական»  եւ քամահրական վերաբերմունքը հայ ժողովրդի մեծ ողբերգության նկատմամբ: Տեղեկատվական առումով այն բավական փնթի կազմակերպված գործողություն էր, հույսով, որ ինչպես եւ 2005 թ., այնպես էլ հիմա, երբ ժամեր են մնացել Ցեղասպանության զոհերի հերթական ոգեկոչման տարելիցին, աշխարհը եւ առաջին հերթին հայորդիները կհավատան այդ անդեմ ուղերձի անկեղծությանը»,- նշել է թուրքագետը:

Վերջինիս խոսքով, եթե առավել ուշադրությամբ ենք զննում նրա ուղերձում տեղ գտած ձեւակերպումները, ապա միանգամից պարզ է դառնում, որ գործ ունենք Դավութօղլուի կողմից մի քանի անգամ հնչեցրած ՝ «արդար հիշողության» եւ «համատեղ (կամ ընդհանուր) ցավի» հայեցակարգային մոտեցումների, ինչպես նաեւ արխիվները բացելու, պատմության ուսումնասիրության կարեւորության մասին բազմիցս չարչրկված թեզերի հետ: «Առավել զավեշտալի է հնչում պատմաբանների համատեղ հանձնաժողովի մասին հիշատակումը, որը շատ ավելի վկայում է այն մասին, որ Ցյուրիխյան արձանագրությունների համապատասխան դրույթը վերցված է որպես առանձին գործոն՝ ցույց տալու համար, որ Թուրքիայի համար կամ այլեւս չկան արձանագրությունները, կամ դրանք վավերացնելու հեռանկարները կրկին մշուշոտ են: Այլապես, վերցնել քաղաքական օրակարգում առկա փաստաթղթային կետը եւ այն կրկին հրամցնել իբրեւ առաջարկ, առնվազն անլուրջ է»,- նշել է Վահրամ Տեր-Մաթեւոսյանն ու հավելել. «Չկա նաեւ հիշատակում թե ովքե՞ր են սպանել հայերին, հետեւաբար, ովքե՞ր են պատասխանատուները, տպավորություն է ստեղծվում, որ հայերը եւ մյուս ազգերը սպանվել են բնության արհավիրքից, աղետից կամ համաճարակից: Հետեւաբար, այս ուղերձում սենսացիա պետք չէ փնտրել, այն գուցե մեկ քայլ առաջ է Էրդողանի համար, սակայն՝ ոչ այն լսարանի համար ում այն ուղղված է»:

Հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն այս հայտարարության հետեւանքերը, արդյո՞ք հնարավոր է, որ հետեւեն կոնկրետ քայլեր, թուրքագետը պատասխանել է. «Չեմ կարծում: Մի քանի գործոններ պետք է հաշվի առնենք: Նախ, արդյոք նման ուղերձը բավարարում է հայությանը, որպեսզի ստեղծվի այնպիսի մթնոլորտ որտեղ Թուրքիայի ղեկավարության դիրքորոշումը լինի տրամադրող անկեղծության համար: Եթե Թուրքիայի ղեկավար Էրդողանն է ներկայանում այդ ուղերձով ապա իմ զգուշավորությունն ավելի է հիմնավորվում: Առջեւում Թուրքիայում սպասվում են լուրջ քաղաքական գործընթացներ, արդյո՞ք Էրդողանը կցանկանա հավելյալ ռիսկի դիմել ու կորցնել ազգայնականների աջակցությունը»:

Նա նկատել է, որ եթե համադրում ենք բոլոր փաստերը, ապա ակնհայտ է դառնում, որ այդ ուղերձը եւ նրանում տեղ գտած որոշ «անկեղծ պոռթկումներն» ի վիճակի չեն լիցքաթափել մթնոլորտը եւ կոտրել թուրքական քաղաքական վերնախավի մոտեցումները: «Այս ելույթը թուրքերի կողմից անշուշտ կդրվի լայն շրջանառության մեջ, արտերկրից եւս կլինեն հղումներ, սակայն չեմ կարծում, որ սա այն խոսքն է ուղղված հայությանը, որ մենք պետք է համարենք զղջում: Ցեղասպանությունը եւ դրա հետեւանքները քաղաքական են եւ պետք է ստանան բացառապես քաղաքական ու իրավական պարտավորվածություններ առաջացնող գնահատականներ, դրանք ներկայացնելը որպես հեռավոր անցյալում տեղի ունեցած անորոշ պատմական իրադարձություն ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի նորմերին, այլ նաեւ՝ համամարդկային արժեքներին»,- ամփոփել է Տեր-Մաթեւոսյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջին անգամ ապրիլի 24-ի հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ, որը տեղադրվել է վարչապետի պաշտոնական կայքում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ