News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահիաշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արված հայտարարությանը: Վիգեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում պատասխանել է «Արմենպրես»-իթղթակցի հարցին:

Պարոն Սարգսյան, ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անսպասելի հայտարարություն արեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանում շարադրված մոտեցումները:

Մենք ուշադրությամբ ծանոթացանք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանը, փորձելով դրանում տեսնել պատմությանն առերեսվելու առաջին փորձ, սակայն, ցավոք, պետք է փաստենք, որ այն Հայոց ցեղասպանության հանցագործության ժխտման եւ քողարկման հերթական՝ թերեւս ավելի կատարելագործված դրսեւորում է: Դրանում պարունակվում են թուրքական քարոզչամեքենայի արդեն բոլորին հայտնի նույն թեզերը` զոհին եւ դահճին նույն հարթության մեջ դիտարկելը, պատճառահետեւանքային կապի խեղաթյուրումը, բոլորին հայտնի պատմական իրականության վերանայման գործիքների ձեւավորման կոչը: Իրականում Թուրքիայից այլ բան է պահանջվում. ճանաչել պատմությունը եւ աներկբայորեն դատապարտել դրանում առկա հանցանքները: Քրիստոնեության մեջ դա կոչվում է ապաշխարանք: Վստահ եմ՝ դրա համարժեքը կա նաեւ այլ կրոններում:

Ինչպես նշել է Նախագահ Սարգսյանն իր ուղերձում. «Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը»: Ընդ որում, դատապարտել անցյալի հանցագործությունները՝ չի նշանակում հանցագործ ճանաչել այդ պատմությունը կրող ողջ ժողովուրդին: Անհրաժեշտ է հստակ մատնանշել կոնկրետ քաղաքականության մշակողներին եւ իրականացնողներին: Դա անհրաժեշտ է առաջին հերթին հենց պատմությունը կրող ժողովրդին, քանի որ միայն դա է հնարավորություն տալիս տարանջատել ժողովրդին պատմության ամոթալի էջերից:

Թուրքիայի վարչապետը խոսում է պատմությունը թշնամանքի եւ քաղաքական հակասության չվերածելու անհրաժեշտության մասին: Սակայն փաստ է, որ հայերի եւ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը պատմություն չէ, քանի որ լիարժեքորեն շարունակվում է արդի քաղաքանության մեջ: Դրա դրսեւորումն են Հայաստանի ապօրինի շրջափակումը եւ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը միջազգային ատյաններում: Ինչ վերաբերում է երկխոսությանը, որին կոչ է անում վարչապետ Էրդողանը, ապա ստիպված եմ հիշեցնել, որ այդպիսի երկխոսություն մենք ունեցել ենք, եւ այն իր տրամաբանական ձեւակերպումն է գտել Ցյուրիխյան արձանագրություններում, որոնց վավերացման գործընթացից թուրքական կողմը հետ կանգնեց: Հայաստանի Հանրապետության նախագահը իր ուղերձում նշել է՝ «Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը չի կարող այլեւս բառերով չափվել», իսկ արձանագրությունների վավերացման «ողջամիտ ժամկետներ» ձեւակերպումն առավել քան արդիական է դառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ