News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հայ համայնքը «հիասթափությամբ» է ընդունել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի հայտարարությունը,  RFI-ի հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:  Ֆրանսիական ռադիոն միաժամանակ նշում է, որ միջազգային հանրությունն այդ հայտարարությունը որպես Հայոց ցեղասպանության ճանաչման տանող  քայլ էր ընդունել»:

Հարցին, թե հայ համայնքն ինչպես ընդունեց Էրդողանի ցավակցությունները, Փափազյանը պատասխանել  է. «Հիասթափությամբ: Մեզ թվում է, որ նրա նպատակը միջազգային հանրային կարծիքի վրա ազդելն էր: Նա հրապարակավ ցավակցություն հայտնեց, սակայն տեքստից ակնհայտ է, որ նրա դիրքորոշումն անփոփոխ է»:  Նա նաեւ հավելել է, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցից մեկ տարի առաջ Թուրքիայի վարչապետը այն ճանաչելու եւ փոխհատուցման գործընթաց սկսելու հնարավորություն ուներ: Սակայն  մտավախություն կա, որ սա ժխտումն ուժեղացնելու փորձ էր:

Հարցին, թե Էրդողանն ինչու հենց հիմա այդ քայլն արեց, Փափազյանը պատասխանել է. «Որովհետեւ թուրքական կառավարությունը գիտի, որ հարյուրամյակին մնացել է մեկ տարի, որովհետեւ միջազգային հանրությունը պատրաստվում է 2015-ի տարելիցին: Եվ սրանով ցանկանում են մեղմել հարյուրամյա տարելիցի նշանակությունը:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «1915թ. իրադարձությունների առնչությամբ» հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այս օրը, որ առանձնակի նշանակություն  ունի մեր երկրում եւ ամբողջ աշխարհում ապրող հայ քաղաքացիների համար, արժեքավոր հնարավորություն է ընձեռում պատմական իրադարձությունների վերաբերյալ կարծիքների ազատ փոխանակման համար: Չի կարելի հերքել, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիները, նրա միլիոնավոր թուրք, քուրդ, արաբ, հայ եւ այլ ազգությունների քաղաքացիների համար` անկախ կրոնական եւ էթնիկ պատկանելությունից, բարդ եւ դառը իրադարձություններով լի ժամանակահատված են եղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ