News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը բացասաբար է ազդում հասարակության բարոյա-հոգեբանական վիճակի վրա, եւ մարդկանց մեջ զոհի հոգեբանություն է զարգացնում։ Այս կարծիքը NEWS.am-ի հետ զրույցում արտահայտեց երիտասարդ ցեղասպանագետ Վահրամ Այվազյանը, ով ուսանել է այս հարցը Կանադայի Տորոնտոյի համալսարանի եւ Զորյան ինստիտուտի համատեղ կազմակերպված դասընթացներում։

Հղում անելով հայտնի ցեղասպանագետ Գրեգորի Ստենտոնի՝ ցեղասպանության փուլերի մասին տեսությունը, Այվազյանն ասաց, որ ցեղասպանության վերջին փուլը հենց ցեղասպանության ժխտումն է, այսինքն, «ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը ցեղասպանության շարունակությունն է»։

«Այսինքն, եթե ոճրագործը կամ նրա սերունդները մերժում են ցեղասպանությունը, դա նշանակում է, որ այն շարունակվում է, եւ դա շատ լուրջ բարոյա-հոգեբանական հետեւանքներ է ունենում զոհերի սերունդների վրա», - ասաց Այվազյանը, ավելացնելով, որ այդ սերունդները շարունակում են ցեղասպանության մեջ մնալ՝ չկարողանալով ազատվել զոհի հոգեբանությունից։

Ինչ վերաբերվում է ցեղասպանություն ապրած այլ ազգերին, դրանցից որոշներն արդեն կարողացել են հաղթահարել ցեղասպանության գրեթե բոլոր հետեւանքները։ Օրինակ, Այվազյանի կարծիքով, հրեաների մոտ վերացել է այդ զոհի հոգեբանությունը, որովհետեւ գերմանական կառավարությունը ճանաչել է նրանց ցեղասպանությունը եւ փոխհատուցել հրեաների վնասները։ «Ռուանդայում նույնպես հասարակությունը արագ տեմպերով զարգանում է եւ երկնիշ թվերով տնտեսական աճ է տալիս, եւ այդ զոհի հոգեբանությունը նրանց մոտ էլ է վերանում», - ասաց Այվազյանը։

Հայերի մոտ, Այվազյանի կարծիքով, այդ զոհի հոգեբանությունը դեռ մնում է՝ ազդելով նրանց կյանքի բոլոր ոլորտների վրա եւ մի շարք բարդույթներ առաջացնելով։ Ընդ որում՝ ցեղասպանության ժխտողական քաղաքականության բարոյա-հոգեբանական ազդեցությունը ավելի ակնառու է սփյուռքահայերի մոտ։

Ցեղասպանության ժխտողական քաղաքականության հետեւանքները ազդում են նաեւ հայերի այլ ազգերի հետ հարաբերությունների վրա, մանավանդ՝ թուրքերի, չնայած այն փաստին, որ վերջին տարիներին թուրքական հասարակության մեջ նույնպես մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։

«Մեծ անդունդ կա իրական հասարակական կարծիքի եւ կեղծ ներկայացվող հասարակական կարծիքի միջեւ, անգլերենով՝ public opinion and published opinion։ Թուրքական հասարակության մեջ, հատկապես արեւմտյան Թուրքիայում ապրողների մեծ մասն արդեն փորձում է իր պատմությունը ճանաչել, իմանալ եւ հասկանալ, թե ինչ ոճրագործություն են կատարել իրենց նախնիները, եւ հայերի հետ նոր մակարդակի հարաբերություններ կառուցել։ Իսկ թուրքական կառավարությունը տարիներ շարունակ մերժում է այդ ոճրագործությունը եւ իր կեղծ կարծիքը փորձում է դոմինանտ դարձնել», - ասաց Այվազյանը։

Այվազյանի կարծիքով, եթե թուրքական կառավարությունը ընդունի ցեղասպանությունը, հայերը բոլորովին նոր աչքերով կտեսնեն աշխարհը, քանի որ մինչեւ օրս շարունակվող ցեղասպանությունը կվերանա, եւ հայերն այդ զոհի կարգավիճակից դուրս կգան եւ անցում կկատարեն դեպի նորմալ կյանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ