News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Հունվարի 2-ին հիվանդանոցում մահացած 2-ամյա Լիայից բուժքույրները ոչ մի անալիզ չեն վերցրել, բուժքույր Արմինեն սուտ ցուցմունքներ է տվել դատարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը՝ անդրադառնալով այսօր՝ ապրիլի 30-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Արաբկիր» ԲԿ-ի բոքսային բաժանմունքի բուժքույր Արմինե Կարապետյանի այսօրվա հարցաքննությանը:

Բուժքույրը , որը հունվարի 1-ին հերթապահել է բոքսային բաժանմունքում, որտեղ եղել է Լիա Միսակյանը, այսօր սատարանում պատմել էր, որ Լիայի մայրն այդ օրը առավոտյան  իրեն ասել է, որ ցանկանում է երեխային տուն տանել, քանի որ նա արդեն լավ է զգում. «Ես ասեցի, որ ես չեմ կարող թույլ տալ,որ տուն գնան, դա իմ ֆունկցիանների մեջ չի մտնում: Բժշկուհի Զառային հայտնեցի, որ ուզում են գնալ տուն: Բժշկուհին զննեց երեխային, հետո պալատից դուրս եկավ, ու ասաց, որ եթե իրենք գնան տուն, անպայման գրեն-ստորագրեն»:

Լիայի հայրը, սակայն, NEWS.am-ին ասաց, որ իրենք ցանկացել են տուն գնալ, քանի որ հասկացել են, որ երեխային հիվանդանցում անհրաժեշտ բուժօգնություն չեն ցուցաբերում։

«Մենք ասել ենք՝ եթե ուղղակի նատրի քլոր եք սիստեմա միացնելու ու «Նուրոֆեն» ջերմիջեցնող տաք, ապա դա մենք տանն էլ կարող ենք անել»,- պատմեց Գեորգի Միսակյանը:

Դատախազ Դավիթ Կարապետյանի այն հարցին, թե հերթապահությունը վերցնելիս Լիա Միսակյանի բժշկական քարտի մեջ տեսել է արդյոք արյան ընդհանուր եւ բիոքիմիական անալիզի պատասխանը, բուժքույրն ասաց. «Չեմ հիշում, որ եղած լինի, բայց ինձ տիկին Լարիսան ասաց, որ ինքը նախորդ օրը անալիզները վերցրել է»:

Արմինեն չէր հիշում նաեւ՝ իր հերթապահությունը հանձնելիս երեխայի արյան անալազիների պատասխանները եղել են պատմագրի մեջ, թե ոչ:

 Այս պատասխանը բարկացրեց դատախազ Դավիթ Կարապետյանին, քանի որ բուժքույրը մինչեւ այդ իր խոսքի մեջ նշել էր, որ «բժշկական քարտերը մյուս բուժքրոջը հանձնելիս ապահովում են ամբողջություն, եւ չի լինում դեպք, որ պատմագիրը հանձնեն առանց անալիզի պատասխանները փակցնելու»։

Դատախազի այն հարցին, որ եթե մայրապետը արյան անալիզի պատասխանը բերած չլիներ, իրեն չէ՞ր հետաքրքրի , թե որտեղ են դրանք, բուժքույրը պատասխանեց. «Լիքը հիվանդներ կան, մենք չենք կարող 30 հիվանդի անալիզ հատ-հատ տեսնել՝ եկել են, թե ոչ»:

Վկան ասաց, որ իր հերթապահության ժամանակ լաբորատորիայից էլ զանգ չի ստացել՝ երեխայի անալիզների պատասխանների վերաբերյալ։ Դավիթ Կարապետյանը նկատեց, որ նախորդ դատական նիստերին լաբորատորիայի աշխատակիցը հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ ինքը զանգահարել է բոքսային բաժանմունք և հայտնել, որ երեխայի անալիզների մեջ շեղումներ են հայտնաբերվել: Վկա Կարապետյանը պնդեց, որ լաբորատորիայից զանգ չի ստացվել այդ մասին:

Մինչդեռ մահացած երեխայի հայրը պնդում է, որ իր երեխայից արյան անալիզ ընդհանրապես չեն վերցրել, հետեւաբար պատասխան չէր կարող լինել:

Այնուհետեւ վկա Կարապետյանը պատմեց, որ հունվարի 1-ին երեկոյան Լիայի մայրը իրենից մեզի անալիզի համար սրվակ է խնդրել, քանի որ ծնողները շփոթել են եւ կղանքը լցրել մեզի անալիզի համար նախատեսված սրվակի մեջ:

«Նոր սրվակ տվեցի, ասեցի՝ վերցրեք անալիզները: Մայրը ասեց, որ երեխան դժարությամբ է անում, կփորձեն վերցնել, դրա համար իմ հերթապահության ավարտին այդ անալիզները չեն տվել ինձ»,- ասաց բուժքույրը։

Դատավորը վկային ասաց, որ երեխայի մայրը՝ Աշխեն Բաբայանը, իր ցուցմունքում հայտնել է, որ կղանքի եւ մեզի անալիզները վերցված են եղել, եւ մինչեւ երեխայի մահը այդպես էլ մնացել են բաղնիքում եւ որեւէ մեկը չի տարել:

Վկան դատավորի այս դիտարկմանը պատասխանեց .«Եթե վերցրած են եղել, մեզ պետք է տեղեկացնեին, որ վերցնեինք»:

Վկայի այս պատասխանը բարկացրեց դատավորին. «Ես ոնց հասկացա, ամեն ինչ պետք է ծնողներն անեն, բուժաշխատողները որեւէ անելիք չունե՞ն»։

Լիայի հայրը NEWS.am-ին ասաց, որ բուժքույր Արմինեն իրենց ասել է՝ լաբորատորիան չի աշխատում, եւ որ մեզի եւ կղանքի նմուշ վերցնելն անիմաստ է:

«Ոչ մի բան չի արվել, ստում են, եթե արած լինեին, միանգամից անտիբիոտիկ պետք է տային, եւ եթե ամսի 1-ի առավոտյան սկսեին տալ անտիբիոտիկ, ես վստահ եմ՝ իմ երեխան հիմա ինձ հետ կլիներ»,- ասաց հայրը:

Հարցաքննության ժամանակ վկան պատմեց, որ երեխայի մահվան մասին իմացել է հունվարի 2-ին երեկոյան, երբ տանն է եղել, եւ չի իմացել՝ որն է մահվան պատճառը:

Դատախազ Դավիթ Կարապետյանի հարցին, թե չի՞ հետաքրքրվել՝ երեխան ինչից է մահացել, բուժքույրը ասաց՝ «ոչ, չեմ հետաքրքրվել, չեմ իմացել»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 14-ին:

Հիշեցնենք, որ 2-ամյա Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ էր զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է եւ աղջնակը մահացել է:

«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներ Լիլիթին եւ Զարինեին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով, իսկ որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տպել
Ամենաշատ