News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հոդվածը՝ հրապարակված «The Guardian» թերթում.

«Պատմությունը լի է կորցրած հնարավորություններով։ Իշխանության մոտ գտնվողների խնդիրն այն է, որ իրական ժամանակում գնահատեն այդ պահերը կորցնելու ռիսկը։ Երբ ես 2009 թ. Ցյուրիխ էի գնում Հայաստանի կառավարության հետ համաձայնագիր ստորագրելու, այնպիսի զգացում ունեի, թե նման կրիտիկական պահի ուղղությամբ ենք շարժվում։

Համաձայնագիրը պետք է կարգավորեր հայ-թուրքական հարաբերությունները եւ զգալի դրական ազդեցություն գործեր ամբողջ Կովկասի վրա։ Վերջերս որոշ խոչընդոտներ սպառնում էին ջուրը գցել ողջ գործընթացը։ Եթե ես այն ժամանակ արտահայտեի մտքերս, ընդգծելու էի այն նույն սկզբունքները, որոնք նախորդ շաբաթ իր ուղերձում շարադրել էր վարչապետ Էրդողանը՝ 1915թ. օսմանյան կայսրությունում հայերի տեղահանման դեպքերի առթիվ հղած ուղերձում։  Սա հաշվի առնելով կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք վերականգնել պարտավորություններն ու հաշտությունը, որոնց հնարավորությունը ձեռքից բաց էինք թողել 2009-ին։

Թուրքերի եւ հայերի հարաբերությունները դարերի խորքից են գալիս։ Երբ Օսմանյան կայսրությունն ընդլայնվեց, թուրքերն ու հայերը փոխգործակցում էին շատ ուղղություններով։  Հայերը կայսրության ամենաինտեգրված համայնքն էին։

Օսմանյան  հայերի ազդեցությունը ինտելեկտուալ եւ գեղարվեստական շրջանակներում չի կարող գերագնահատվել։ Օսմանյան շատ երաժիշտների ստեղծագործությունները չէին պահպանվի, եթե հայ երաժիշտ Համբարձում Լիմոնջյանը սոլֆեջիոյի դասավանդման նոր ձեւ չներմուծեր։ Թաթյոս էֆենդին, Բիմենչեն եւ Կոմիտասը՝ հայ անվանի դասական երգահանները, նույնպես հաջող ավանդ են ներդրել։ Մեկ այլ հայ՝ Էդգար Մանասը, թուրքական հիմնի երաժշտության հեղինակներից է։

19-րդ դարի օսմանյան ճարտարապետությունը նշանավորվել է այն աշխատանքներով, որոնք օսմանյան սուլթանները պատվիրել էին հայ ճարտարապետներին, առաջին հերթին՝ Բալյան ընտանիքի ճարտարապետներին։  Ստամբուլի հայտնի տեսարժան վայրերը, ինչպիսին օրինակ Դոլմաբախչեի եւ Բեյլերբեյի կայսերական պալատներն են, ինչպես նաեւ Բոսֆորի շուրջ տեղակայված որոշ կարեւոր մզկիթներ նույնպես Բալյանների ձեռքի գործն են համարվում։

Իմ նախորդներից մեկը՝ Գաբրիել Նորանդունկյանը, Օսմանյան կայսրությունում արտգործնախարար էր 1912–1913թթ. եւ միջազգային ասպարեզում հայ ականավոր գործիչ էր։

Օսմանյան կայսրության իշխանությունը թուլացել էր 19-րդ դարում: Բալկանյան նահանգների կորուստը ջախջախիչ պարտություն էր, որը դարձավ զանգվածային չարագործությունների, օսմանյան մահմեդականների վտարման եւ տեղահանման պատճառ: Բալկաններում էթնիկ զտումների շարքը միլիոնավոր մարդկանց  մղեց արեւելք՝  փոխակերպելով Անատոլիայի ժողովրդագրական կառուցվածքը եւ դառնալով համայնքային հարաբերությունների վատթարացման պատճառ: Մոտավորապես 5 միլիոն օսմանյան քաղաքացիներ տեղահանվեցին իրենց նախնիների տներից Բալկաններում, Կովկասում եւ Անատոլիայում: Չնայած արեւմտյան պատմությունը հիմնականում պատմում է զոհված օսմանյան քրիստոնյաների չարչարանքների մասին, օսմանյան մահմեդականների հսկայական տառապանքները Թուրքիայի սահմաններից դուրս անհայտ են մնում: Անվիճելի փաստ է, որ այդ ժամանակաշրջանում հայերը շատ են տուժել:

Ճիշտ է նաեւ, որ այն վեճը, թե ինչու եւ ինչպես տեղի ունեցավ հայոց ողբերգությունը, ցավոք, շարունակում է մտատանջել թուրքերին եւ հայերին նաեւ այսօր: Համայնքային եւ ազգային հիշողությունը ցավի, տառապանքների, զրկանքների եւ զգալի մահերի մասին շարունակում են հեռու պահել իրարից հայ եւ թուրք ժողովուրդներին: 1915թ. իրադարձությունների վերաբերյալ թշնամական  պատմությունները խանգարում են այդ վերքի սպիացմանը: Մենք ընդունում ենք մեր տատերից եւ պապերից ժառանգած «ընդհանուր ցավը»:

Ազգային հիշողությունները կարեւոր են: Սակայն չե՞ն կարող հայկական եւ թուրքական պատմություններն ավելի  սերտանալ, չի՞ կարող արդյոք «արդար հիշողություն» ծագել: Հավատալով, որ դա կարող է տեղի ունենալ, Թուրքիան առաջարկել է թուրք եւ հայ պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել՝ 1915 թ. իրադարձություններն ուսումնասիրելու համար:  Հանձնաժողովի եզրակացությունները, եթե այն ստեղծվի, կօգնեն ավելի լավ հասկանալ այդ ողբերգական ժամանակաշրջանը, եւ, հուսով եմ, կօգնեն կարգավորել մեր հարաբերությունները: 

Օսմանահայերի սերունդներին կարեկցանքով եւ հարգանքով ցավակցություններ հայտնելը մարդկության պարտավորությունն է: Գրեթե դարավոր հակամարտությունն ապացուցեց, որ  մենք չենք կարող խնդիրը լուծել, եթե չսկսենք լսել եւ հասկանալ միմյանց:  Մենք նաեւ պետք է սովորենք հարգել՝ չհամեմատելով տառապանքները եւ չդասակարգելով դրանք:

Ես բոլորին կոչ եմ անում օգտվել այս առիթից եւ միանալ մեզ՝ հայ-թուրքական հարաբերությունների համար լավագույն ապագա ստեղծելու նպատակով: Վարչապետ Էրդողանի հայտարարությունը աննախադեպ եւ համարձակ քայլ է այս ուղղությամբ: Կարծում եմ, որ  այժմ ճիշտ ժամանակն է ներդրում կատարել այդ հարաբերություններում: Սակայն մենք կարող ենք հաջողության հասնել միայն, եթե այս փորձն  աջակցություն գտնի հաշտության ավելի այն շրջանակների կողմնակիցների կողմից: Թուրքիան պատրաստ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ