News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի «ՏաԹեւեր» ճոպանուղին ավելի քան 74 հազար այցելու է ունեցել, ընթացիկ տարում ճոպանուղու ղեկավարությունը հույս ունի թիվը հասցնել 80 հազարի: Այդ մասին NEWS.am-ի եւ «Լուրեր Հայաստանից» թղթակցների հետ զրույցում հայտարարել է «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրեն Թոմաս Վան Ստապնը:

Նրա խոսքով՝ ճոպանուղին գործում է ողջ տարվա ընթացքում, ձմռանը՝ միայն շաբաթ եւ կիրակի օրերին, քանի որ Հայաստանում ձմռանը քիչ զբոսաշրջիկներ են լինում, ընդ որում դժվարանցանելի են ճանապարհները: «Մեր հյուրերի 50 տոկոսը Հայաստանից են, 20 տոկոսը՝ Ռուսաստանից, մյուսները տարբեր երկրներից, այդ թվում Ավստրալիայից, Ճապոնիայից, Չինաստանից»,- նշել է Թոմաս Վան Ստապնը:

Նա հավելել է, որ «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի նպատակն է աշխատատեղերի ստեղծումն ու տուրիստական սեկտորի զարգացումը: «Մենք աշխատատեղեր ենք ստեղծում տեղի բնակիչների համար. ճոպանուղու աշխատակիցներին 3-ը Երեւանից են, ինքս Բելգիայից եմ, մյուսներ Գորիս քաղաքից են եւ մոտակա գյուղերից: Ճոպանուղին ունի մոտ 50 աշխատակից, այդ թվում նաեւ սեզոնային, ինչպես օրինակ վաճառողը հուշանվերների խանութում»,- պատմել է ճոպանուղու տնօրենը՝ հավելելով, որ «ՏաԹեւերի» եկամուտն ամբողջությամբ ուղղվում է Տաթեւի վանքի վերականգնմանը:

Անդրադառնալով ապագայի ծրագրերին՝ Թոմաս Վան Ստապնը հույս է հայտնել, որ այս տարի «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամին կհաջողվի էքսկուրսավարի ծառայություններ տրամադրել ու զարգացնել հետիոտնային զբոսաշրջությունը: «Մենք ունենք աուդիո-էքսկուրսավարներ, որոնց ծառայությունները շուտով կառաջարկենք ճոպանուղու այցելուներին: Մեր հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ ավելի երկար մնան այստեղ, լինեն գյուղում, ծանոթանան տարածաշրջանի ավանդույթներին, այլապես շատերը գալիս են, ճոպանուղիով գնում վանք, այցելությունը տեւում է 2-3 ժամ»,- նշել է նա: Նշենք, որ Թոմաս Վան Ստապնը «ՏաԹեւերի» տնօրենն է 2013թ.-ի դեկտեմբերից ու չնայած բելգիական արմատներին՝ հիանալի խոսում է հայերեն:

Հիշեցնենք, որ աշխարհում ամենաերկար «ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010թ.-ի հոկտեմբերի 16-ին: Բացումից մի քանի օր անց այն հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում: Ճոպանուղու երկարությունը կազմում է 5752մ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ