News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը դուրս է եկել իր դիվանագիտական կարգավիճակից եւ խախտում է Հայաստանի Սահմանադրությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով դեսպանի հայտարարությանը, թե հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրող հասարակական կազմակերպությունները պետք է չեզոքացնել: 

«Դեսպանն իրավունք չունի խոսել հայ-ռուսական հարաբերությունների անունից, բացի դրանից պետք է ճիշտ ձեւակերպի իր միտքը՝ Հայաստան-Պուտին հարաբերություններ, ռուսական ֆաշիզմ-Հայաստան հարաբերություններ: Եթե ճիշտ ձեւակերպեր, ապա ցանկությունն ավելի ճիշտ կլիներ: Այսինքն քաղաքացիական հասարակությունը, որը իհարկե դեմ պետք է արտահայտվի ռուսական ֆաշիզմ-Հայաստան հարաբերություններին, հոգեվարքի մեջ է գցում Ռուսաստանի դեսպանին: Նա գործող իշխանություններին արդեն իսկ ենթարկեցրել է Պուտինյան ռեժիմին, այսինքն պուտինիզիցիայի են ենթարկել, հերթը քաղաքացիական հասարակությունն է: Մենք իրենց համար հակառակորդ ենք»,- ասաց նա:

Իրավապաշտպանի կարծիքով՝ դեսպանը կոպտորեն խախտում է Հայաստանի օրենսդրությունը, եւ իրեն հայտարարել է օրենքից դուրս:

Հարցին՝ հնարավոր է Հայաստանի իշխանությունները լսեն Վոլինկինին եւ իսկապես չեզոքացնեն հասարակական կազմակերպություններին, Սաքունցը պատասխանեց. «Ռուսաստանի դեսպանը ցուցումներ է տալիս իր ենթականերին՝ Սերժ Սարգսյանին, կառավարությանն ու Ազգային ժողովի խմբակցություններին: Եթե գործող իշխանությունները սկսեն չեզոքացնել հասարակական կազմակերպությունները, դա կփաստի, որ իրենք իրապես նպաստում են Ռուսաստանի ֆաշիզմի հաստատումը Հայաստանում, բացի դրանից Հայաստանը Կալինինգրադի մարզի կարգավիճակի հասցնելը»:

Իվան Վոլինկինի հայտարարությունների դեմ հասարակական կազմակերպությունները պայքարելու են տարբեր երթերի, բողոքի ակցիաների միջոցով:

Նշենք, որ Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը մասնավորապես ասել էր .«Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որեւէ կասկած չկա: Սակայն, հավանաբար, պետք է նաեւ այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում»,-ասել է Իվան Վոլինկինը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ