News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հաստատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի ընտրությունը Կանադայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ մայիսի 30-31-ին Կանադայի Միսիսոգայի Ս. Վարդան եկեղեցում, նախագահությամբ թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի եւ ատենապետությամբ տիար Ժաք Ստեփանյանի, թեմի 31-րդ Պատգամավորական ժողովը Կանադայի հայոց թեմի առաջնորդ է ընտրել Մայր Աթոռի միաբան Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանին:

Կանադայի հայոց թեմը հաստատվել է 1984 թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակով: Թեմում այսօր գործում են տասնյոթ եկեղեցական համայնքներ:

Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը (ավազանի անունը` Սամվել) ծնվել է 1972 թ. հուլիսի 23-ին, ք. Բաթումիում, Վրաստան:

1979-1989 թթ. սովորել եւ ավարտել է Բաթումիի հայկական Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը:

1989-1995 թթ. ուսանել է Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում: Ավարտաճառը պաշտպանել է «Հայ դավանաբանական

մտքի արձագանքները Ս. Ներսես Շնորհալու Մատթէի մեկնության մեջ» թեմայով:

1995 թ. հոկտեմբերին ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի ձեռնադրվել է սարկավագ եւ ծառայության կոչվել Մայր Աթոռում:

1996 թ. հունիսի 2-ին ձեռամբ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը:

1996-2001 թթ. ծառայել է որպես Աջարիայի (Վրաստան) հոգեւոր հովիվ:

2001-2004 թթ. ուսանել է Զալցբուրգի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում:

2004 թ. պաշտպանել է «Հայ-լատին եկեղեցական հարաբերությունները 11-12-րդ դարերում» թեմայով ավարտաճառը եւ վերոնշյալ համալսարանում ստացել աստվածաբանության Մագիստրոսի կոչում:

2004 թ. մայիսից 2005 թ. հոկտեմբեր ամիսը Գարեգին Բ Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ծառայել է Վիրահայոց թեմում` իբրեւ փոխառաջնորդ:

2005 թ. հոկտեմբերի 11-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Սյունյաց թեմի փոխառաջնորդ:

2006 թ. ապրիլին պաշտպանել է վարդապետական թեզ «Ս. Դիոնիսիոս Արիսպագացին հայ մատենագրության մեջ» թեմայով եւ 2006 թ. մայիսին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի ստացել մասնավոր վարդապետության աստիճան:

2010 թ. մեկամյա ուսման է մեկնել Կանադա:

2011 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ:

Հոգեշնորհ Հայր Սուրբը տիրապետում է հայերեն, ռուսերեն, վրացերեն եւ գերմաներեն լեզուներին:

Տպել
Ամենաշատ