News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում է երթեւեկության կանոնների մի քանի խախտումների համար նախատեսված տուգանքների փոփոխության հարցը: Այդ տուգանքների չափը սահմանված է ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով: Ամենաէական փոփոխությունը վերաբերվում է սահմանված արագության գերազանցման համար նախատեսված տուգանքին: Գործող կարգով, սահմանված արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսված է 10 հազար դրամի տուգանք: Ներկայացված նախագծով առաջարկվում է գերազանցած յուրաքանչյուր կմ/ժամի համար վարորդին տուգանքել հազարական դրամով: Այսինքն՝ եթե սահմանված արագությունը գերազանցել է 1 կմ/ժամով, տուգանքը պետք է լինի 1000 դրամ, եթե երկու կմ/ժամով, ապա՝ 2000 դրամ, եւ այսպես շարունակ:

Հաջորդ էական փոփոխությունը վերաբերում է սահմանված ժամկետում տուգանքը չվճարելու համար նախատեսված պատժամիջոցին: Ներկայումս, գործող կարգի համաձայն, տուգանքի վճարումը 30 օր չկատարելու դեպքում այն եռապատկվում է, իսկ 60 օր հետո՝ հնգապատկվում: Առաջարկվող նախագծով եռապատկման փոխարեն տուգանքը պետք է ավելանա 25 տոկոսով, իսկ հնգապատկման փոխարեն՝ 50 տոկոսով: Փոխարենը խստացվում են որոշ խախտումների համար նախատեսված տուգանքները, օրինակ՝ ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի՝ ղեկին ծխելու դեպքում տուգանքը կավելանա։ Հավանության արժանանալու դեպքում տուգանքների փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այս տարվա սեպտեմբերից»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ