News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը` պատրիարքական ընտրությունից հետո Իջման Ս. Սեղանի առջեւ իր ուխտը վերանորոգելու համար: Նուրհան Պատրիարքին ուղեկցում են Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի եւ ընծայարանի տեսուչ Տ. Թեոդորոս վարդապետ Զաքարյանը եւ Տ. Տիրան աբեղա Հակոբյանը:

Հայոց Պատրիարքը հանդիսավոր թափորով ՙՀրաշափառ՚ երգեցողության ներքո առաջնորդվեց դեպի Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջեւ կատարվեց աղոթքի արարողություն: Ապա Ամենանապատիվ Պատրիարքին միաբանության անունից ողջունեց Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Այնուհետեւ իր հերթին Մայր Աթոռի միաբաններին դիմեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքը` հայտնելով, որ հոգեկան հրճվանք է ապրում գտնվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: ՙԱնշուշտ, հաճախակի չայցելել դեռեւս չի նշանակում, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը մեր մտքից ու սրտից դուրս է, ընդհակառակը, յուրաքանչյուր հայի համար Մայր Աթոռը Սրբություն Սրբոց է եւ պետք է այդպես մնա եւ պիտի մնա նամանավանդ Երուսաղեմի հայերի համար՚, - նշեց Նուրհան Պատրիարքն իր խոսքում:

Բարիգալստյան արարողությունից հետո տեղի ունեցավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հանդիպումը:

Ողջունելով Ամենապատիվ Պատրիարքի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ փաստեց, որ այս օրերին Սփյուռքի եւ Հայաստանի տարբեր համայնքներից Սուրբ Էջմիածնում ժողովի են համախմբվել Մայր Աթոռի միաբանները եւ հունիսի 22-ին նաեւ իրենց մասնակցությունը պիտի բերեն Սուրբ Էջմիածնի տոնին:

Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գործունեությանը, միաբանության կյանքին, ինչպես նաեւ հայ ժողովրդի հոգեւոր ընթացքին:

Առաջիկա օրերին Ամենայն Հայոց Հովվապետը եւ Երուսաղեմի Պատրիարքն անդրադարձ կունենան Հայ Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին ու ազգային-եկեղեցական կյանքը հուզող տարբեր խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ