News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Նարեկացի համույթը հանդես եկավ համերգային ծրագրով` նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյակին:

«Ժամանակակիցը» խորագրի ներքո ներկայացվեցին Ազնավուրի ստեղծագործությունները` փոխադրված ազգային նվագարանների համար, ինչը հանդիսատեսի կողմից ընդունվեց մեծ ոգեւորությամբ եւ հոտնկայս ծափահարություններով:

Աշխարհի հայերից ամենահայի ստեղծագործությունները ազգային նվագարանների քաղցր հնչյունների միջոցով պարգեւեցին ջերմություն եւ ապահովեցին բարձր տրամադրություն ողջ երեկոյի ընթացքում:

Նշենք, որ Ազնավուրի երգերի յուրահատուկ մատուցման գաղափարը Նարեկացի համույթին են նվիրել Պիեռ եւ Դիրան Բաղդադյանները:

Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին զուգահեռ համերգային ծրագրում հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Մանվել Բեգլարյանի, Ռուբեն Ալթունյանի, Գեւորգ Մանասյանի, ինչպես նաեւ Սայաթ-Նովայի եւ Կոմիտասի ստեղծագործությունները: Մարիաննա Պողոսյանի կատարմամբ երեկոյի ընթացքում հնչեց շանսոնյեի ամենահայտնի գործերից մեկը` «Լա բոհեմը»:

Hուլիսի 25-27-ին Նարեկացի համույթը նույն համերգային ծրագրով հանդես կգա նաեւ Արցախում, մասնավորապես Շուշիում, Ստեփանակերտում եւ Բերձորում:

Նարեկացի համույթը կազմավորվել է 2008 թվականին Հովիկ Սահակյանի գլխավորությամբ, ով այժմ հանդիսանում է համույթի գեղարվեստական ղեկավարը: Համույթն իր կարճ գործունեության ընթացքում հասցրել է իր ուրույն տեղը գտնել մեր մշակութային կյանքում: Այն կազմված է 21 երիտասարդ գործիքային եւ 3 վոկալ կատարողներից, որոնց մեծ մասը տարբեր միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիրներ են:

Համույթն ապրում է բեղուն բեմական կյանքով: Մասնակցել է բազմաթիվ փառատոների, համերգներով հանդես է եկել Հայաստանում, Արցախում եւ Եվրոպայի տասնյակ քաղաքներում: Այժմ Նարեկացի համույթն ապրում է ակտիվ ստեղծագործական ընթացք` լի նոր գաղափարներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ