News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի եւ ՙԱկրոնիս՚ ընկերության հրավերով Հայաստանում գտնվող շախմատի աշխարհի գործող չեմպիոն, գրոսմայստեր Մագնուս Կարլսենին եւ աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնյանին:

Ողջունելով շախմատիստների այցը` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ աշխարհի գործող չեմպիոնի ժամանումը Հայաստան մեծ խանդավառություն պիտի պարգեւի շախմատի սիրահարներին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց, որ դեռեւս վաղ միջնադարից Հայաստանում հայտնի շախմատը, այսօր եւս լայնորեն տարածված է երկրում եւ ծրագրային առարկա լինելով հանրակրթական դպրոցներում` նպաստում է երեխաների մտքի զարգացմանը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ Մայր Աթոռի թանգարանում են պահվում Տիգրան Պետրոսյանի թագն ու թիկնոցը, որոնք աշխարհի չեմպիոնը ժամանակին ընծայաբերել է երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսին:

Մագնուս Կարլսենը եւ Լեւոն Արոնյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Վեհափառ Հայրապետին ներկայացրին Տաթեւի վանք կատարած այցելության իրենց տպավորությունները: Երեկ Տաթեւում նրանք առիթ են ունեցել խաղալու հոգեւորականների, ինչպես նաեւ Հալիձորի ու Տաթեւ համայնքների երեխաների հետ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ Հայ Եկեղեցու կարեւոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, պատմության ընթացքում կրած դժվարություններին եւ ներկայիս նրա հոգեւոր առաքելության արդյունավորմանն ուղղված գործունեությանը:

Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց շախմատիստներին` մաղթելով նորանոր հաղթանակներ եւ հորդորելով բարի օրինակ փոխանցել, որ մրցույթը կարող է լինել ի նպաստ խաղաղության, ժողովուրդների բարեկամության ամրապնդման եւ համերաշխ գոյակցության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ