News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ճարտարապետները քանդելով մայրաքաղաքի հին գեղեցիկ շենքերը, Երեւանը  ցանկանում են  դարձնել բետոնե ջունգլի։ Նման մտահոգություն հայտնեց երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանը, որն այսօր՝ հունիսի 24-ին, Աֆրիկյանների տան շենքի մոտ միացել էր շենքի ապամոնտաժման դեմ պայքարողներին։

«Ես էլ Իտալիայից  եմ գալիս, նախանձում եմ՝ ինչպես են պահել իրենց ճարտարապետությունը, քանի դարերով են պահել։ Ոչ մի քաղաքապատի, ոչ մի ճարտարապետի  մտքով չի անցել քանդել այդ շենքերը կամ տեղափոխել։ Ցավ եմ ապրում, որ  իրենք քանդելով այս գեղեցիկը, ուզում են դարձնել քաղաքը տգեղ բետոնե ջունգլի, այնպես ինչպես Հյուսիսային պողոտան, որը սարքել են տգեղ եւ անճաշակ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Իսպիրյանը։

Երգիչն ասաց, որ իրեն դուր չի գալիս Քաղաքապետարանի նախաձեռնած «Հին Երեւան» նախագիծը.

«Ճիշտ ասած՝ ես մի անգամ տեսա այդ ծրագիրը, ծիծաղս եկավ. ինչպե՞ս կարելի  է այդքան պուճուր մտածել։ Պարտադիր չէ,  որ Հին Երեւանը քանդեն, որ Հին Երեւան սարքեն։ Ես չեմ հասկանում այս ճարտարապետների լոգիկան, ո՞ւր են մեր ճարտարապետները, որ այստեղ չեն։ Ինչպե՞ս կարելի է այդքան անճաշակ ու այդքան աշխարհ տեսած չլինել։ Մեր քաղաքի գեղեցկությունն այս հնությունն է, իսկ սա Նարեկ Սարգսյանի ճաշակն է, ու ինքը Քաղաքաշինության նախարարն է։ Ես ցավում եմ, որ չեն հասկանում կարեւորությունը»։

Արթուր Իսպիրյանը շենքի ապամոնտաժումը թույլ տվողներին խորհուրդ տվեց գնալ Թբիլիսի եւ տեսնել,  թե ինչպես են պահպանում հնությունը։

«Ես չեմ ասում՝ գնացեք Վենետիկ, Հռոմ, ուղղակի գնացեք Թբիլիսի, որը 300 կմ այն կողմ է, տեսեք՝ ոնց են պահպանում հնությունը։ Նույնիսկ քարերի արանքից դուրս եկած խոտերը, ծաղիկները ոնց են պահպանում»,- ասաց երգահանը։

Նշենք, որ այսօր` հունիսի 24-ին, Աֆրիկյանների տան մոտ իրավիճակը վաղ առավոտից լարված էր։ Առավոտյան մեքենաները սկսել էին մեծ թափով քարեր հանել շենքի տարածքից:

Տպել
Ամենաշատ