News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը


Ազատագրված Քարվաճառի շրջանի չորս գյուղերի 26 երեխաներ հունիսի 29-ին նոր ուսումնական տարվա համար հագուստ, սպորտային համազգեստներ, կոշիկ եւ քաղցրավենիք ստացան, որոնք գնվել էին հունիսի 1-ին Մանկական երկաթուղում NEWS.am-ի կազմակերպած բարեգործական ակցիայից ստացված հասույթով:

NEWS.am լրատվական գործակալության աշխատակիցները երեկ նվերներ հանձնեցին Չարեքտար, Դադիվանք, Զուարի եւ Հավսաթաղ գյուղերի այն երեխաներին, որոնք ապրում են սոցիալապես ծանր պայմաններում:

Քարվաճառի շրջանում այսօր ապրում են մեծապես Հայաստանից եւ հյուսիսային Արցախից եկածները: Տասնամյակներ շարունակ հայկական այս տարածքում հայ չէր ապրել, իսկ այսօր մտնելով գյուղ՝ տեսնում ես երեխաների, որոնք չնայած դժվարություններին եւ արտաքին աշխարհից կտրվելու փաստին՝ անհոգ խաղում են:

Այստեղ ապրելը դժվար է. մարդիկ մեծամասամբ զբաղվում են անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, մի մասն էլ աշխատում է զորամասերում, գյուղապետարաններում եւ դպրոցներում: Չնայած շրջանում խնդիրները շատ են՝ քարուքանդ ավտոճանապարհ, հեղուկ գազի բացակայություն, համացանցի անհասանելիություն, կենցաղային տարրական պայմանների անբավարարություն, միեւնույնն է՝ քարվաճառցիները լի են վճռականությամբ՝ ապրել, արարել եւ շենացնել Քարվաճառը:

«Ես ինձ այստեղ ավելի լավ եմ զգում, քան Երեւանում, էնտեղ 10 օր չեմ կարող մնալ: Չնայած էստեղ էլ խնդիրներն են շատ, դպրոցում ընդամենը 40 հազար դրամ եմ ստանում, 14 հոգանոց ընտանիք ենք, բայց մեկ է՝ այստեղ ինձ շատ ավելի լավ եմ զգում: Միայն այս բնությունը հերիք է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ Գուրգեն Բադալյանը:

Ազատագրված շրջանում ապրող մարդկանց կենցաղին եւ խնդիրներին NEWS.am-ն առաջիկայում կանդրադառնա առանձին տեսանյութերով:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունն արդեն երկրորդ տարին Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացրել էր բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում պաղպաղակի վաճառքից ստացված ամբողջ, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի վաճառքից ստացված գումարի մի մասը ուղղվել է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքներին։

Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունն են ցուցաբերել «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի անվան գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ իրեր պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնց մի մասը սիրիահայեր էին։

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանին եւ նրա կնոջը՝ Խանդութ Ավետյանին՝ մեր ձեռնարկին ցուցաբերած մեծ աջակցության համար:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ