News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող, նրա ծառայակից Դավիթ Խաչատրյանը ուզում է, որ իրեն դատել սառնասրտորեն։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 4-ին, ամբաստանյալն իր պաշտպանական խոսքում հայտարարեց, որ ճակատագիրն իրեն արդեն պատժել է՝ խլելով իր ընկերներից մեկի կյանքը, մյուսի առողջությունը եւ խնդրեց դատարանին լինել սառնասիրտ ու առաջնորդվել օրենքով։

«Այս դժբախտ դեպքն ինձ շատ ցավ ու տառապանք է պատճառել, մինչեւ կյանքիս վերջը ապրելու եմ այս ցավը։ Այս ցավը ոչ միայն ինձ ու իմ երկու ընկերների ընտանիքների, այլեւ ողջ հասարակության ցավն է, քանի որ վիրավորվել ու մահացել են երիտասարդ հայ տղաներ, հայ զինվորներ։ Հասկանում եմ, որ ոչինչ չի տա զայրույթով առաջնորդվելը։ Ես արդեն պատժվել եմ իմ արածի համար, ընկերներիցս մեկի կյանքն եմ կործանել, մյուսի առողջությունը, ու քանի որ, հարգելի դատավոր, քանի որ դուք էլ եք այս հասարակության մի անդամ եք, խնդրում եմ Ձեզ, առաջնորդվեք օրենքով ու լինեք հնարավորին չափ սառնասիրտ»,-ասաց Դավիթ Խաչատրյանը։

Նա ասաց, որ ինքը չէր կարող դիտավորյալ որեւէ մեկին վնաս պատճառել։

«Ես մարդասպան չեմ, չեմ կարող դիտավորյալ ինչ-որ մեկին վնաս պատճառել։ Հիմա իմ մահացած ընկերը վերեւից նայում է, մեղադրում է ձեզ, նա գիտի, որ այս ամեն ինչը դիտավորություն չի եղել, մենք կատակ ենք արել, որի հետեւանքով սենց անդառնալի կորուստ է եղել։ Ես պատրաստ եմ իմ արածի համար մինչեւ իմ վերջին օրն էլ նստել, իմ չարածի համար ես պատրաստ չեմ պատիժ կրել»,-ասաց Դավիթ Խաչատրյանը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր դատարանում մեծ թիվ են կազմում դատական կարգադրիչներն ու ոստիկանները, որոնք մինչեւ դահլիճ մտնելը զննել են բոլորին, նույնիսկ լրագրողներին։ Հիշեցնենք, որ այսօր ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանական ճառից հետո դատարանը կայացնելու է դատավճիռ։ Այժմ դատարանը գտնվում է խորհրդակցական սենյակում։ Դատավճիռը կհրապարակվի 15:00-ին։

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ